Մայքլ Բլումբերգը կողմ է Թրամփի իմփիչմենթի անցկացմանը
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Մայքլ Բլումբերգը կողմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթին։
Հարցին՝ արդյո՞ք նա կարծում է, թե Թրամփը պետք է պատասխանատվության ենթարկվի, Բլումբերգը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ դա շատ լուրջ բան է, ես առաջ դեմ էի, բայց նայելով բոլոր ապացույցները՝ կարծում եմ, որ այո։ Տխուր է, բայց այո»,- ասել է Բլումբերգը CBS News-ի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Թրամփը, հավանաբար, չի հասկանում, որ ընտրովի պաշտոնատար անձ է, որի աշխատանքն այն է, որ աշխատի հանրության, այլ ոչ թե իր համար։
Բլումբերգը պաշտոնապես ԱՄՆ նախագահի թեկնածուի առաջադրման պայքարին մասնակցության որոշման մասին հայտարարել է նոյեմբերի 24-ին։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանձնարարել էր Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեին պատրաստել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին հոդվածներ։