2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք. Փաշինյան
2018 թվականից ի վեր, ներառյալ 2020 թվականի բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտ 28 տոկոս է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք, սպառազինություն: ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են»,-ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ 2020 թվականի բյուջեի տրամաբանությունը հասկանալու համար ես շատ կարեւոր եմ համարում, որ արձանագրենք, որ 2019-ին տնտեսական առումով ինչ է կատարվում Հայաստանում:
«Այս տարվա 9 ամսվա կտրվածքով տնտեսական աճը 7,5 տոկոս է: Սա մեր տարածաշրջանում, ԵՏՄ-ում, հետխորհրդային տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշն է: Ընդ որում, արդյունաբերությունն աճել է 8,8 տոկոսով: Մշակող արդյունաբերության աճը կազմել է9,3 տոկոս: Շինարարությունն աճել է 4,4 տոկոս, ծառայությունները՝ 19,1 տոկոս, առեւտրի շրջանառությունն աճել է 8,9 տոկոսով: Արտահանման աճը կազմել է 7,2 տոկոս, աշխատավարձի աճը՝ 5,3 տոկոս:
ՀՀ-ն այսօր կրկին համաշխարհային մակարդակով ունի ամենացածր գնաճներից մեկը:
Պարենի համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է, որ ամբողջ աշխարհում սննդամթերքի գներն աճել են շուրջ 6 տոկոսով, Հայաստանում աճել է ընթամենը 0,1 տոկոսը:
Մենաշնորհների առումով մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն եւ աննախադեպ ցածր մակարդակի վրա: Հայաստանն այն քիչ երկրներից է, որ այս սեպտեմբերին նախորդ դեկտեմբերի համեմատությամբ գնանկում է արձանագրվել»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են: Փաշինյանը նկատեց, որ իրենց ընդդիմախոսները երբ անկումայինց ուցանիշ է լինեմ, ոգեւորությամբ ներկայացնում են, իսկ երբ աճ է գրանցվում կասկածի տակ են դնում վիճակագրական թվերը: