Հայաստանը 2019 թվականին Ռուսաստան ներգնա տուրիզմի երկրների թոփ 10-ում է
«ՏուրՍտատ» տուրիստական պորտալը ներկայացրել է 2019 թվականին Ռուսաստան ներգնա տուրիզմի երկրների վարկանիշը՝ վերլուծելով ներգնա տուրիզմի 9 ամսվա՝ հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ի վիճակագրությունը:
2019 թվականին Ռուսաստան ներգնա տուրիզմի երկրների առաջին տասնյակում 9 ամիսների տվյալներով, ըստ արտասահմանցիների տուրիստական ուղեւորությունների թվի՝ մտել են Ուկրաինան (5 մլն 944 հազար ուղեւորություն), Ղազախստանը (2 մլն 716 հազար), Չինաստանը (1 մլն 594 հազար), Ադրբեջանը (684 հազար), Ֆինլանդիան (681 հազար), Գերմանիան (592 հազար), Լեհաստանը (497 հազար), Աբխազիան (435 հազար), Հայաստանը (420 հազար) եւ Էստոնիան (383 հազար):
Անցյալ տարվա համեմատությամբ՝ Հայաստանից Ռուսաստան ուղեւորությունների թիվը նվազել է 17 հազարով՝ 2019 թվականի 9 ամսում հասնելով մինչեւ 420 հազարի:
Ռուսաստան արտասահմանյան քաղաքացիների ներգնա տուրիստական ուղեւորությունների ընդհանուր թիվը այս տարվա 9 ամսում կազմել է 19 մլն 64 հազար՝ գրեթե փոփոխություն չկրելով անցյալ տարվա համեմատությամբ կամ 0,9 տոկոսով ավելի քիչ, քան անցյալ տարվա առաջին 9 ամիսներին, երբ Ռուսաստան կատարվել է արտասահմանցիների 19 մլն 245 հազար ուղեւորություն:
Այս տարի Ռուսաստան ներգնա տուրիզմի աճն ապահովել են Հարավարեւելյան Ասիայի եւ Եվրամիության երկրների զբոսաշրջիկները:
«ՏուրՍտատի» տվյալներով՝ Ռուսաստան ներգնա տուրիզմի աճի առաջնորդներն են Չինաստանը՝ 1 մլն 594 հազար ուղեւորություն, ինչը 13 տոկոսով կամ 181 հազարով ավելի է, քան մեկ տարի առաջ, Հարավային Կորեան՝ 356 հազար ուղեւորություն, ինչը 22 տոկոսով կամ 65 հազարով ավելի է, եւ Գերմանիան՝ 592 հազար ուղեւորություն կամ 46 հազարով ավելի շատ (+8 տոկոս), քան մեկ տարի առաջ: