Ֆրանսիայում անժամկետ գործադուլ է սկսվում ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման
Ֆրանսիայում դեկտեմբերի 5-ին կսկսվի լայնածավալ համազգային գործադուլ, որը կհանգեցնի հանրային տրանսպորտի աշխատանքների զգալի խափանումների, ենթադրվում է, որ այն կլինի անժամկետ, ֆրանսիացիները պատրաստվում են բողոք հայտնել կառավարության հայտարարած կենսաթոշակային բարեփոխման դեմ:
Փարիզի հանրային տրանսպորտի RATP ընկերության տեղեկացմամբ՝ հինգշաբթի գործադուլի հետեւանքով ամբողջությամբ կդադարեցվի գնացքների երթեւեկությունը փարիզյան մետրոյի 11 ուղղություններով՝ 2, 3, 3 bis, 5, 6, 7 bis, 8, 10, 11, 12, 13: Երթեւեկությունը չափազանց սահմանափակ կլինի 4, 7 եւ 9 գծերով: Սովորական ռեժիմով կգործեն միայն անվարորդ՝ 1 եւ 14 գծերը:
Զգալի խափանումներ են սպասվում Փարիզի մերձքաղաքային RER էլեկտրական գնացքների աշխատանքում: Ֆրանսիայի մայրաքաղաքում կգործի ավտոբուսների եւ տրամվայների միայն մոտ 30 տոկոսը:
Գործադուլը կհանգեցնի Ֆրանսիայում TGV արագընթաց գնացքների եւ մերձքաղաքային Transilien գնացքների 90 տոկոսի երթեւեկության չեղարկմանը: Դրանից բացի, EasyJet ավիաընկերությունը հայտնել է ներքին եւ միջին հեռավորության 233 չվերթների չեղարկման մասին: Air France-ը Ֆրանսիայում չեղարկել է չվերթների 30 տոկոսը եւ միջին հեռավորության 15 տոկոսը:
Տեղաշարժման այլընտրանքային միջոցներ կլինեն հեծանիվները, սկուտերները: Ֆրանսիացիներին նաեւ խորհուրդ են տալիս օգտվել ուղեկցորդ գտելու ծառայություններից՝ աշխատավայր հասնելու համար:
Դրա հետ մեկտեղ տրանսպորտի բացակայության պատճառով ֆրանսիական մի շարք ընկերությունների ղեկավարներ որոշում են ընդունել իրենց աշխատակիցների հետ հեռավորությամբ աշխատելու մասին: «Մեր ընկերությունը ուղեկցորդներ գտնելու ծրագիր է ստեղծել: Այսինքն՝ որեւէ աշխատակից ահազանգում է, որ աշխատավայր հասնելու համար օգնության կարիք ունի: Նա նշում է, թե որ շրջանում է բնակվում, եւ նրան կարող է տեղ հասցնել գործընկերը, որը մոտակայքում է բնակվում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է փարիզյան ընկերություններից մեկի աշխատակիցը:
Սակայն եթե աշխատակիցը կարծում է, որ աշխատավայր հասնելու դժվարություններ է ունենալու, նա կարող է գործադուլի օրը հեռվից աշխատել, նշել է նա: «Ես ստիպված էի օգտվել հենց այս կարգավորումից: Ըստ Ֆրանսիայի օրենքի՝ շաբաթական մեկ օր կարելի է աշխատել աշխատավայրից դուրս՝ ղեկավարության հետ համաձայնեցնելով»,- հավելել է նա: