«Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգներով հանդես է եկել Գերմանիայի Մյունխեն եւ Բելգիայի Բրյուսել քաղաքներում:
«EUROPAMUSICALE» եվրոպական մշակութային հիմնադրամի հրավերով նոյեմբերի 29-ին Մյունխենում կայացել է երգչախմբի առաջին համերգը, որի ընթացքում հանդես է եկել նաեւ թավջութակահար Միքայել Հախնազարյանը: Համերգի առաջին բաժինն ամբողջությամբ կոմիտասյան կատարումներ էին: Երկրորդ բաժնում հնչել են Պենդերեցկու, Բրուքների, Վաչե Շարաֆյանի, Աննա Ազիզյանի, Արզաս Ոսկանյանի եւ այլ կոմպոզիտորների գործեր: Տեղի է ունեցել Հակոբ Մազլումյանի «Լռություն» ստեղծագործության պրեմիերան:
Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի հրավերով նոյեմբերի 1-ին Բրյուսելում կայացել է երգչախմբի երկրորդ համերգը: Հնչել են մեծամասամբ Կոմիտասի, Մեսրոպ Մաշտոցի, ինչպես նաեւ Աննա Ազիզյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները:
«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգները Գերմանիայում եւ Բելգիայում անցել են բարձր մակարդակով: Հանդիսատեսն աննախադեպ ջերմությամբ է ընդունել երգչախմբի ելույթները: