Պենտագոնից հայտնել են, որ կշարունակեն Թուրքիային համոզել Ս-400-ից հրաժարվել
Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ հասնելով նրա հրաժարվելուն Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից: Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական գործերի տեղակալ Ջոն Ռուդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Խոսքն, իհարկե, ինքնիշխան որոշումների մասին է: Եվ մենք հարգում ենք սեփական ապագայի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ ընդունելու Թուրքիայի կառավարության իրավունքը: Այդուհանդերձ, այդ ինքնիշխան որոշումները հետեւանքներ ունեն»,- ասել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալը: Նա մեկնաբանել է Անկարայի կողմից Ս-400 ԶՀՀ-ի գնման շուրջ իրավիճակը: «Մենք չափազանց մտահոգված ենք [Թուրքիայի] այդպիսի գործողությունների շարունակմամբ: Երբ [Թուրքիայի] նախագահ Թայիփ Էրդողանը [նոյեմբերին] այցելեց Վաշինգտոն, այս հարցը էական տեղ է գրավել 2 առաջնորդների բանակցությունների օրակարգում: Գիտեմ, որ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ նույնպես խոսել են նախագահ Էրդողանի հետ, երբ նա այստեղ էր [ԱՄՆ մայրաքաղաքում], այդ ոլորտին առնչվող մտահոգության մասին»,- նշել է Ռուդը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները «թուրք գործընկերների հետ այս հարցով հետագա հանդիպումներ ու բանավեճեր են ունեցել»: «Կարճ պատասխանն այն է, որ մենք այդ հարցից չենք հրաժարվել: Մենք շարունակում ենք այս ուղղությամբ թուրքերի հետ փոխգործակցել՝ նրանց համոզելու համար կանգնել այլ ճանապարհի վրա: Չէ՞ որ հին ասացվածք կա՝ անկախ հանգամանքից, թե սխալ ճանապարհով որքան հեռու եք գնացել, երբեք ուշ չէ շրջվել ու վերադառնալը: Մենք կշարունակենք նրանց հետ փոխգործակցել՝ փորձելով դա կարգավորել դրական կերպով»,- շեշտել է Պենտագոնի ղեկավարի տեղակալը:
Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն չի վերականգնի Թուրքիայի անդամակցությունը 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագրին, քանի դեռ Անկարան Ս-400 ԶՀՀ է տնօրինում: «Ինչպես դուք հիշատակեցիք, դա հետեւանքներ է ունեցել F-35-ի ծրագրին Թուրքիայի մասնակցության համար, եւ դա կպահպանվի»,- կանխատեսել է Ռուդը:
Նա, սակայն, խոստովանել է, որ ԱՄՆ-ն Անակարյի կողմից Ս-400-ի գնման հետ կապված կասկածի տակ չի դնի ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը: «Ինչ վերաբերում է [Հյուսիսատլանտյան] դաշինքում Թուրքիային ապագային, ապա նա, անկասկած, ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է: Բայց մենք կցանկանայինք, որ թուրքերն իրենց ավելի կառուցողական լինեին ՆԱՏՕ-ի որոշակի ծրագրման առնչությամբ: Նրանք դա կապել են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին (Սիրիայում քրդական զինված կազմավորումներ) վերաբերող իրենց մտահոգության հետ: Մենք այս հարցում կշարունակենք թուրքերի հետ փոխգործակցել ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ միասին: Բայց ես կասեի, որ կան հարաբերությունների այլ ասպեկտներ, որոնցով մենք լավ աշխատում ենք միասին: ԱՄՆ-ն պահպանում է Թուրքիայում [ռազմական] բազաները, մենք պրոֆեսիոնալ զինվորական մակարդակում լայնածավալ փոխգործակցություն ունենք թուրք գործընկերների հետ, եւ այն լավ է առաջ ընթանում»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը: