Ասել է, որ եթե ուզում են որեւէ մեկին սպանել, տանում են դիրքերում են սպանում. Իրավապաշտպանը մանրամասներ հայտնեց
Այս պահին հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով, այսինքն՝ ինքնասպանության վարկածը հաստատված չէ, կասկածյալների վերաբերյալ դեռեւս տեղեկություն չկա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Հայարփի Սարգսյանը, ով ստանձնել է մահացած զինծառայող Արթուր Աջամյանի իրավահաջորդների շահերի պաշտպանությունը։
«Ընդամենը սպանության հոդվածով է, այդ ուղղությամբ էլ քննությունը տարվում է։ Վիրավորը ոտքերից է վնասված, դեմքի հատվածում ունի հրազենային վնասվածք, վիճակն այս պահին ծանր է։ Հուսանք կլավանա եւ ճիշտ հանգամանքները կպարզենք։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքները պարզ կլինեն մեկ ամսից, բռնության հետքեր, այո առկա են։ Ընթանում են հարցաքննություններ այն մարդկանց հետ, որոնք եղել են դիրքում»,-նշեց նա։
Հայարփի Սարգսյանի խոսքով՝ այդ զորամասի հետ կապված կան նաեւ այլ քրեական գործեր․ «Այդտեղ էր զինվորի նկատմամբ սեռական ոտնձգություն տեղի ունեցել, Յուրիկ Բրոյանի նկատմամբ ծեծը, Հրանտ Մանգասարյանը անհասկանալի հանգամաքներում պայթել է պահեստում, եւ այլ քրգործեր։ Դեպքերից հետո սպայական կազմի փոփոխություն է եղել, բայց ոչինչ չի փոխվել, կարծում եմ արմատական փոփոխություններ են պետք»։
Իրավապաշտպանը նաեւ մանրամասներ հայտնեց դեպքից․
«Վիրավորը հայտնաբերվել է խրամատում, սպանվածը՝ փոսում, մահացածի ճակատից կրակած է, ծոծրակից դուրս է եկել, վերեւից ներքեւ, ինքը չէր կարող իրեն նման վնասվածք պատճառել, նաեւ ճակատի, ձեռքերի եւ ոտքերի հատվածում բռնության հետքեր կան, տարբեր վաղեմության։ Իր հարազատներին՝ ոչ պապիկին կամ մորը, հայտնել է, որ խնդիր կա դիրքերում, ասել է՝ ում ուզում են սպանել, տանում են, դիրքերում են սպանում եւ որ այդ զորամասում շատ մեծ խնդիրներ կան, դժոխային վիճակ է։ Սա եղել է 2-3 ամսվա պատմություն»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Այսօր զինծառայողի հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի շենքի դիմաց՝ պահանջելով իրենց տղայի հետ կատարվածը չորակել ինքնասպանություն։