Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները սկսելու պայմանների մասին
Թեհրանը, ինչպես նախկինում, պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է հանի պատժամիջոցները, այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հենց ԱՄՆ-ն հանի իր դեսպոտային, ապօրինի, սխալ, ահաբեկչական պատժամիջոցները, դրանից անմիջապես հետո «5+1» երկրների խմբի ղեկավարները կարող են հանդիպել, մենք նույնպես խնդիրներ չենք ունենա»,- ասել է Ռոհանին, ում ելույթը հեռարձակվել է հեռուստատեսությամբ:
Նա շեշտել է, որ բանակցություններին պատրաստ է անգամ մեկ ժամ հետո, բայց միայն պատժամիջոցները հանելու դեպքում:
2015 թվականին «Վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին հասնելու մասին: Համաձայնագրով նախատեսվում էր պատժամիջոցների հանում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Գործարքը նախնական տեսքով չգոյատեւեց անգամ 3 տարի. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց համաձայնագրից միակողմանի դուրս գալու եւ Իրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունները փուլ առ փուլ կրճատելու մասին:
Նոյեմբերի 6-ին Իրանը 4-րդ անգամ հրաժարվեց միջուկային գործարքով իր պարտավորությունների կատարումից, որից ավելի վաղ ԱՄՆ-ն դուրս էր եկել եւ վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները, եւ Ֆորդոյի օբյեկտում սկսեց ուրանի հարստացման ցենտրիֆուգի օգտագործումը, մինչդեռ միջուկային գործարքով նախատեսվում էր, որ այդ նպատակների համար միակը լինելու է Նաթանզի համալիրը: