ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ շարունակել ապամիջուկայնացման վերաբերյալ երկխոսությունը
ԱՄՆ-ն չի հրաժարվում Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունից միջուկային զինաթափման հարցերի շուրջ: Հարավկորեական Yonhap գործակալությունը հայտնում է, որ այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ակնհայտ է, որ ներկա պահին մենք [ապամիջուկայնացման խնդրում] չենք հասել առաջընթացի այն աստիճանին, ինչի հույսն ունեինք: Սակայն մենք չենք հրաժարվում եւ չենք հրաժարվի այս ուղղությամբ աշխատանքից»,- շեշտել է Բիգենը՝ ելույթ ունենալով ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառմանը:
Խոսելով ավելի վաղ Հյուսիսային Կորեայի կողմից Միացյալ Նահանգներին ներկայացրած վերջնագրի մասին՝ դիվանագետը Փհենյանի սահմանած ժամկետները «արհեստական» է անվանել՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսություն վարել «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»:
Մեկ օր առաջ Կորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը տարածել էր Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Լի Տե Սոնի հայտարարությունը, որում նա Վաշինգտոնին մեղադրել էր Փհենյանի հետ երկխոսությունը ընտրությունների նախաշեմին սեփական ներքաղաքական շահերի համար օգտագործելու մեջ: Նրա կարծիքով՝ «խոսելով կայուն եւ բովանդակալի երկխոսության մասին՝ ԱՄՆ-ն ձգտում է ժամանակ շահել իր շահերի շրջանակում՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի ընդունածի միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն»:
Ընդ որում՝ նա հիշեցրել է, որ այս տարեվերջին լրանում է ժամկետը, որը Փհենյանը սահմանել էր Վաշինգտոնի համար բանակցություններում փոխընդունելի փոխզիջում մշակելու համար: «Այդ ամենը հիմա կարող է արվել, դա ԱՄՆ ընտրությունն է, եւ միայն ԱՄՆ-ից է կախված, թե իրենց համար ինչպիսի ծննդյան նվեր կընտրեն»,- ամփոփել էր Լի Տե Սոնը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը հունիսի 30-ին Փհանմունջոմում պայմանավորվել էին աշխատանքային մակարդակով ապամիջուկայնացման բանակցությունների վերսկսման մասին, որոնք դադարեցվել էին ընթացիկ տարվա փետրվարին Հանոյում երկու երկրների առաջնորդների վերջին գագաթնաժողովի անհաջող ավարտից հետո: Ըստ այս պայմանավորվածության՝ հոկտեմբերի 5-ին Ստոկհոլմում հանդիպել էին ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները քննարկելու համար, սակայն չէր հաջողվել երկխոսություն հաստատել: Հյուսիսային Կորեայի պատվիրակության ղեկավար Կիմ Մյոն Գիլը հայտարարել էր խորհրդակցությունների ձախողման մասին եւ ամերիկյան կողմին խորհուրդ տվել իրենց դիրքորոշման մասին ավելի լավ կշռադատել, ընդ որում՝ ԱՄՆ Պետքարտուղարությունում չէին համաձայնվել նման գնահատականին եւ հանդիպումը կառուցողական էին որակել: