ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում աջակցել են Չինաստանում ույգուրներին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Չինաստանում ույգուրներին աջակցելու մասին, որոնց իրավունքները, ամերիկյան իշխանությունների կարծիքով, խախտվում են: Այս մասին վկայում են քվեարկության արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Օրենք դառնալու համար օրինագիծը պետք է ընդունի Սենատը եւ ստորագրի երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչի հեռանկարները հստակ չեն:
Օրինագիծն ընդունվել է գրեթե միաձայն՝ Ներկայացուցիչների պալատի 407 անդամներ փաստաթղթին կողմ են քվեարկել, միայն մեկն է դեմ արտահայտվել:
Փաստաթղթով պատժամիջոցներ են նախատեսվում այն չինացի պաշտոնյաների դեմ, որոնք, ԱՄՆ իշխանությունների կարծիքով, Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում խախտում են մարդու իրավունքները: Չինաստանի պաշտոնատար անձինք դեռեւս չեն արձագանքել օրինագծի ընդունմանը:
Ինչպես ավելի վաղ ընդունված՝ «Հոնկոնգում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» օրենքը, որն արդեն ուժի մեջ է մտել, այս օրինագիծը կարող է սրել ԱՄՆ-ի ու Չինաստանի տարաձայնությունները եւ ազդել այս երկրների միջեւ վարվող առեւտրային բանակցությունների վրա:
ԱՄՆ-ն պարբերաբար քննադատում է Չինաստանին մարդու իրավունքների եւ Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում դավանանքի խախտումների համար, որտեղ բնակվում են ույգուրներ, ղազախներ եւ մի շարք այլ ժողովուրդներ, որոնք իսլամ են դավանում: ԱՄՆ-ն ավելի վաղ արգելել էր ամերիկյան ապրանքներ արտահանել Չինաստանի 28 ընկերությունների համար, ինչպես նաեւ վիզայի սահմանափակումներ էր մտցրել Չինաստանի կառավարության եւ կոմկուսի այն անդամների համար, որոնք, Վաշինգտոնի տեղեկություններով, մասնակցել են բռնաճնշումներին: Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում ույգուրների համար «վերադաստիարակության ճամբարների» մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: