ԱՄՆ-ը Սիրիայի նավթի հետ կանի այն, ինչ կամենա. Թրամփ
ԱՄՆ-ը վերահսկողության տակ է վերցրել սիրիական նավթը, որպեսզի հաղթի ԻՊ ահաբեկչական խմբավորմանը, եւ հիմա կարող է այդ նավթի հետ անել այն, ինչ կամենա։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո Լոնդոնում դաշինքի գագաթաժողովին ընդառաջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«ԻՊ-ը փորձում էր պահպանել նավթի վերահսկողությունը, իսկ հիմա մենք ենք լիովին վերահսկում նրան։ Անկեղծ ասած, (այս հարցում) մենք օգտվում ենք տարբեր մարդկանց զգալի աջակցությունից։ Մեծ հաշվով, մեր զինվորականները, որոնք մնում են այդ տարածքում, այդ նրանք են, ովքեր պաշտպանում են նավթը։ Նավթը մեզ մոտ է, եւ մենք կարող ենք նրա հետ անել այն, ինչ կամենանք»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հոկտեմբերին հայտարարել էր ամերիկյան զինվորականներին Սիրիայի հյուսիսում թուրքական գործողության իրականացման շրջանից դուրս բերելու մասին, բայց տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտադիր է պահպանել նավթավայրերի վերահսկողությունը երկրի հյուսիս-արեւելքում։
ՌԴ պաշտպանության նախարարությունում ասել են, որ ԱՄՆ-ը դեպի այլ երկրներ սիրիական նավթի մաքսանենգությամբ է զբաղված, քարավանները պահպանվում են ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների եւ հատուկ ջոկատայինների կողմից։ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին ասել է, որ ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում օրինական է, եւ Վաշինգտոնը ցանկանում է երաշխավորել, որ նավթային օբյեկտները Սիրիայի հյուսիս-արեւելքում չեն հայտնվի ահաբեկիչների ձեռքում։ Նոյեմբերի վերջին Ջեֆրին ընդգծել է, որ «նավթը, համաձայն սիրիական սահմանադրության, պատկանում է սիրիացի ժողովրդին»։