Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերներից մեկն է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ասել է, որ Անկարայի եւ Մոսկվայի հարաբերություններն այլ դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն։ Այս մասին Թուրքիայի նախագահն ասել է Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ, Լոնդոն թռչելուց առաջ, որտեղ դեկտեմբերի 3-4-ին տեղի է ունենում ՆԱՏՕ հերթական գագաթաժողովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերներից մեկն է։ Բայց մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ մյուս դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն, դրանք, ընդհակառակը, միմյանց փոխլրացնող են»,- նշել է Էրդողանը։
Նախագահը նաեւ նշել է, որ ՌԴ-ն համաշխարհային քաղաքական ասպարեզի կարեւոր խաղացող է։ «Գագաթաժողովում սպասվում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ (ՆԱՏՕ անդամների) հարաբերությունների քննարկում։ Մենք աջակցում ենք արդյունավետ փոխգործակցությանը Չինաստանի հետ, որին համարում ենք ծագող ուժ։ Իսկ Ռուսաստանը հիմնական խաղացողներից է մեր տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում»,- ավելացրել է նա։
ՆԱՏՕ գագաթաժողովը բրիտանական մայրաքաղաքում տեղի է ունենում դեկտեմբերի 3-4-ին։ Ինչպես տեղեկացրել են Անկարայում, Էրդողանը հույս ունի խորհրդակցության շրջանակում երկկողմանի հանդիպումներ անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։