ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը հավաքել է ահաբեկչության մեջ մեղադրվողների 4 հազար լուսանկար
ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը (ՀԱԿ) հավաքել է ահաբեկչության եւ ծայրահեղականության մեջ մեղադրվողների, այդ թվում արտասահմանում մարտական գործողություններին մասնակցածների 4 հազար լուսանկար, այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում տեղեկացրել է ԱՊՀ ՀԱԿ ղեկավար Անդրեյ Նովիկովը։
Նրա խոսքով՝ ահաբեկչական եւ ծայրահեղական հանցագործությունների մեղադրանքվ միջպետական հետախուզում է հայտարարված ավելի քան 10 հազար մարդու նկատմամբ, նրանցից ավելի քան 5 հազարը գրոհայիններ են։ «Հաջողվել է հավաքել նշված կարգի անձանց մոտ 4 հազար ֆոտոպատկեր, ինչը թույլ է տվել էապես հեշտացնել հետախուզումը»,- ասել է կենտրոնի ղեկավարը։
Նովիկովը նշել է, որ միայն անցած տարի կենտրոնի ներկայացրած տեղեկությունների հիման վրա հայտնաբերվել եւ կալանավորվել են տասնյակ մարդիկ։ Նրանց մասին տեղեկությունն ուղարկվել է հետախուզումը նախաձեռնողներին, արտահանձնման միջոցառումներ են սկսվել։ 2015-2019 թվականներին ԱՊՀ ՀԱԿ աջակցությամբ կալանավորվել է մոտ 200 անձ, ովքեր փնտրվում են ահաբեկչական հանցագործություններ կատարելու պատճառով, ինչպես նաեւ հայտնաբերվել է ավելի քան 300 հոգի, որոնք հանցակից են եղել ահաբեկչության ֆինանսավորմանը։
ԱՊՀ ՀԱԿ տվյալների մասնագիտացված շտեմարանում ձեւավորվել է ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների տեղեկատվական զանգված։ Նրա տվյալներով այժմ Ռուսաստանում ահաբեկչական է համարվում 31 կազմակերպություն, 73-ը համարվում է ծայրահեղական, Ղազախստանում՝ 17 եւ 6 համապատասխանաբար, Ղրղզստանում միաժամանակ ե՛ւ ահաբեկչական, ե՛ւ ծայրահեղական է ճանաչվել 20 կազմակերպություն, Տաջիկստանում այդ կարգին է դասվել 18 կազմակերպություն, Ուզբեկստանում 22 կազմակերպություն արգելված է որպես ահաբեկչական։ «Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ ԱՊՀ բոլոր երկրներում չէ, որ գոյություն ունի կազմակերպություններն ահաբեկչական կամ ծայրահեղական ճանաչելու դատական գործելակերպ»,- ավելացրել է Նովիկովը։