Արամ Ա-ն կոչ է արել լիբանանահայ գործարարներին հայ աշխատակիցներին չազատել աշխատանքից
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը երեկ Անթիլիասի Մայրավանք էր հրավիրել լիբանանահայ մտավորականությանը՝ քննարկելու Սփյուռքի, մասնավորապես լիբանանահայությանը վերաբերվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Նկատի առնելով երկրի տնտեսական իրավիճակը՝ Նորին Սրբությունը հարյուր միլիոն լիբանանյան ոսկի կհատկացնի կարիքավոր հայ ընտանիքներին, տասնական միլիոն լիբանանյան ոսկի «Արարատ», «Ազդակ» եւ «Զարթօնք» օրաթերթերին՝ որպես գնահատանք եւ զօրակցություն իրենց կատարած աշխատանքի համար:
Արամ Առաջինի խոսքով, Լիբանանի հայ համայնքը Սփյուռքի կարեւոր համայնքներից է, բոլոր միջոցներով այն պետք է պահել զորեղ եւ աշխույժ:
Հաշվի առնելով Լիբանանում ստեղծված տնտեսական իրավիճակը՝ Արամ Առաջինը կոչ է արել լիբանանահայ գործարարներին հայ աշխատակիցներին չազատել աշխատանքից՝ այդպես օժանդակելով նրանց ընտանիքներին, հարուստ լիբանանահայերին՝ ներկա դժվար իրավիճակում օգտակար լինել հայկական կառույցներին, դպրոցներին եւ կարիքավոր ընտանիքներին, մյուս գաղութներին, որոնք ոչ թե հեռվից միայն դիտեն եւ մտահոգություն հայտնեն, նյութապես օժանդակեն կարիքավոր լիբանանահայերին:
Արամ Առաջինը շեշտել է Սփյուռքի վերակազմակերպման եւ վերաաշխուժացման հրամայականը, որը կնպաստի Հայաստանի, Արցախի եւ ազգային պահանջատիրության առավել հզորացմանը: Վեհափառը հայտնել է, որ այս գործով լծված է նախնական աշխատանքների:
Քննարկմանն արծարծվել է նաեւ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի դեմ Կաթողիկոսարանի բացած դատի վերջին զարգացումների թեման: