Պուտինը հաստատել է ապրանքների հսկման մասին ԵՏՄ համաձայնագրի վավերացումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների համաձայնագրի վավերացումը միության մաքսային տարածք ներկրվող ապրանքների հսկման մեխանիզմի մասին, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Վավերացնել ապրանքների հսկման մեխանիզմի մասին համաձայնագիրը... ստորագրված 2019 թվականի մայիսի 29-ին Նուր Սուլթան քաղաքում»,- ասվում է փաստաթղթում։
Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի նախագահները։
Համաձայնագիրն ուղղված է պայմանների ստեղծմանը, որոնք բացառում են մաքսային եւ հարկային վճարումներից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը՝ ապրանքների օրինականության հաստատման պարագայում, Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության տարածքից մյուս նման պետության տարածք ապրանքների տեղաշարժի ժամանակ, ինչպես նաեւ ապահովում է ապրանքների շրջանառությունների հետ կապված գործողությունների վերահսկողությունը։