Հայաստանը երկիր է, որտեղ ամեն ինչ հնարավոր է. «e-Hayt» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Պու
RINA-ն ապագայի ինտերնետն է: Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված RINArmenia շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «e-Hayt» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Պուն (Philippe Poux):
Նրա խոսքով՝ RINA ծրագրի փորձարկման համար տարածք է անհրաժեշտ, որտեղ հնարավոր կլիներ անհնարինը հնարավոր դարձնել: «Բազմիցս այցելելով Հայաստան՝ ինձ համար բացահայտեցի, որ այստեղ ամեն ինչ հնարավոր է: Այդ պատճառով եզրակացության եկա, որ այդ տարածքը, որտեղ հնարավոր է ներդնել եւ զարգացնել RINA-ն, Հայաստանն է»,- հայտարարել է Պուն: Նա նշել է, որ Հայաստանում փորձարկվել եւ ներգրավվել է RINA ցանցը, իսկ երկիրը կդառնա RINA ոլորտում հետազոտությունների կենտրոն:
Իր հերթին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը նշեց, որ վերոնշյալ ծրագիրը ցույց է տալիս Հայաստանում նոր տեխնոլոգիաների զարգացման դինամիկան: «Շատ է խոսվում երկրում տեղի ունեցած հեղափոխության մասին, սակայն դրա հետ մեկտեղ կարելի է նշել Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առկայությունը»,- հայտարարեց դեսպանը: Նա նշեց, որ Ֆրանսիան այդ հարցում կաջակցի Հայաստանին: Այդ կապակցությամբ դեսպանը հույս հայտնեց, որ արդեն մյուս տարի Թուլուզի համալսարանը Հայաստանին սուպերհամակարգիչ կփոխանցի, ինչի շնորհիվ երկիրը կդառնա տարածաշրջանում միակը, որտեղ կան նման տեխնոլոգիաներ: