Մեծանուն թավջութակահար Ալեքսանդր Կագանովսկին հանդես կգա Հայաստանում
Նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի անգլիացի կոմպոզիտոր Էդուարդ Էլգարի թավջութակի Կոնցերտը, որը համաշխարհային ռոմանտիկ երաժշտության ամենափայլուն գոհարներից է: Օժտված խոր հուզականությամբ այս ստեղծագործությունը կատարում են հազվագյուտ երաժիշտներ, քանզի Էլգարի հանճարը կատարողից պահանջում է դնել արվեստի զոհասեղանին ոչ միայն ամբողջ հնարավոր եւ անհնար գործիքային հմտությունները, այլեւ ապրել բեմում մի ամբողջ կյանք հարուստ սիրով եւ կրքերով, գրում է Իրավունք թերթը:
Մեծանուն իսրաելցի թավջութակահար Ալեքսանդեր Կագանովսկին, ով ընդամենը մեկ համերգով կներկայանա Հայաստանում հենց այդ հազվագյուտ երաժիշտներից է: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո ծառայության կողմից տրամադրած տեղեկությամբ, դժվար է գտնել մի երկիր, որտեղ չի հնչել Կագանովսկու «հուսավառ թավջութակը»: Հատուկ Կագանավսկու համար կոմպոզիտորները գրել են բազմաթիվ ստեղծագործություններ:
Ալեքսանդր Կագանովսկին ծնվել է Կիևում: 16 տարեկանում դարձել է Համաուկրաինական մրցույթի դափնեկիր:
Տեղափոխվելով Իսրայել, կատարելագործվել է Թել Ավիվի Rubin Academy of Music-ում' պրոֆ. Ուզի Վիսելի մոտ եւ Առաջին մրցանակ ստացել նույն ակադեմիայի մրցույթում: 1985-ին շահել է Իսրայելի Broadcasting Competition-ի Առաջին մրցանակը: Նույն թվականին դարձել է Իսրայելի լարային կվարտետի անդամ:
Կագանովսկին մասնակցել է միջազգային փառատոների. Վիեննայի Klangbogen Festival, Իտալիայի Catania Festival, Չեխիայի Czesky Krumlov Festival, Շվեյցարիայի Murten Festival, Նորվեգիայի Oslo Festival, Մոսկվայի Սպիվակովի անվան փառատոն եւ վարպետության դասընթաց, Ֆրանսիայի International Festival and Masterclass Moulin D'Ande, Ռուսաստանի Նովոսիբիրսկի փառատոն, եւ Թունիսի Cartago Festival.
Ալեքսանդր Կագանովսկին ելույթներ է ունեցել հեղինակավոր նվագախմբերի հետ՝ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ (Ռուդոլֆ Բարշայ, Գարի Բերտինի, Անդրեյ Բորեյկո,Էռնստ Բուր, Դավիդ Ռոբերտսոն, Սիմոն Ֆրիդման, Չարլզ Գրովզ, Առնոլդ Կաց, Նաթան Ռախլին եւ այլք):
Նրա ընդարձակ երկացանկն ընդգրկում է բարոկո շրջանից մինչև մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նա մշտապես ձայնագրություններ է կատարում ռադիոյում եւ հեռուստատեսությամբ: Թողարկել է ձայնասկավառակներ: