Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ չունեն ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն. Արմեն Ալավերդյան
Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ամենացավոտ խնդիրը մատչելիության բացակայությունն է, որի պատճառով նրանք չեն կարողանում ինքնուրույն կյանքով ապրել: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում արտահայտեց «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը։
«Եթե լինեն հարմարություններ, ես ոչ օգնականի, ոչ մեքենայի կարիք չունեմ: Ես կարող եմ էլեկտրական սայլակով միայնակ մուտք գործել ցանկացած վայր: Մեզ մոտ հաշմանդամություն ունեցող մարդիկ կախում ունեն իրենց ընտանիքներից, մտերիմներից», - ասաց նա:
Մեկ այլ խնդիր է, նրա խոսքով, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը.
«Մենք 2005 թվականին ստեղծել ենք Հայաստանում առաջին զբաղվածության կենտրոնը հաշմանդամություն ունեցող անձանց համար, և հարյուրավոր մարդիկ ընդունվել են աշխատանքի: Իրենք հատուկ հաստատություններ չեն ընդունվել, այլ` սովորական կազմակերպություններ, պետական որոշ հիմնարկներ: Հայաստանում ապրում են գոնե 100.000 հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր աշխատելու պոտենցիալ ունեն: Այդ 100.000 մարդու 8-9%-ն է միայն աշխատում: Այդ մարդիկ կարող են օգուտ տալ պետությանը, աշխատել, հարկեր վճարել և այլն», - նշեց Արմեն Ալավերդյանը:
«Ունիսոն» ՀԿ-ի ղեկավարը նշեց նաև, որ Հայաստանում վերականգնողական բուժման որակը այդքան էլ լավը չէ.
«Վիրահատություններից, բուժումներից հետո գալիս է ստաբիլ վիճակ, երբ մարդը ստանում է հաշմանդամության կարգ: Եթե, օրինակ, մարդը ունի լսողական խնդիր, լավ լսողական սարք ունենալու դեպքում կարող է չտարբերվել լսողական խնդիրներ չունեցող մարդկանցից: Կան նաև թերապիաներ, որոնք երկարատև են և որոնք շատ թույլ են մեզ մոտ: Մենք ունենք որոշակի նախադրյալներ վերականգնողական բուժման որակը բարձրացնելու համար», - ասաց նա:
ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի 2 նախագիծ կա՝ վավերացված ՄԱԿ-ի կոնվենցիայով, սակայն դրանք 2010 թվականից չեն ընդունվում:
Ըստ Արմեն Ալավերդյանի՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ խնդիրներ են ունենում նաև հաշմանդամության կարգ ստանալու հետ կապված.
«Գոնե հաշմանդամության կարգ տալու հարցում պետք է լինի շատ հասկանալի համակարգ: Մարդիկ լսում են ինչ-որ ասեկոսեներ, թե այստեղ այսքան կտաս, քեզ խումբ կտան, և այլն: Կարելի է, օրինակ, ինչ-որ կայք ստեղծել, որը ոչ պաշտոնական ձևով կպատասխանի հուզող հարցերին ու մարդը կհասկանա՝ իրականում ինքը որ խմբին է պատկանում», - ասաց Արմեն Ալավերդյանը:
Նա նաև նշեց, որ իրենց ՀԿ-ն հունվարի 1-ից զրկվելու է պետական սուբսիդիայից, իսկ պատճառի մասին նրանց չի ծանուցվել:
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց թոշակին՝ Արմեն Ալավերդյանը ասաց, ամսական 25.5000 դրամով անհնար է հոգալ կարիքները: