Սպիտակ տունը չի մասնակցի իմփիչմենթի գործով լսումներին
Սպիտակ տունը տեղեկացրել է Ներկայացուցիչների պալատի դատական գործերի կոմիտեին, որ չի մասնակցելու իմփիչմենթի լսումներին դեկտեմբերի 4-ին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Politico պարբերականին։
Անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի դատական գործերի կոմիտեի ղեկավար Ջերոլդ Նադլերը հրավիրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի լսումներին դեկտեմբերի 4-ին եւ խնդրել պատասխանել մինչեւ դեկտեմբերի 1-ի տեղական ժամանակով ժամը 18.00-ն (Մոսկվայի ժամանակով՝ դեկտեմբերի 2-ի ժամը 2.00-ն)։ Նա նաեւ խնդրել էր Թրամփին այդ ընթացքում կողմնորոշվել իրավաբանի թեկնածության հարցում, որը կներկայացներ նախագահին կոմիտեում։ Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատի դատական գործերի կոմիտեն արդեն մինչեւ դեկտեմբերի 6-ն էր ժամանակ տվել Թրամփին՝ պատասխանելու լսումներին նրա փաստաբանի մասնակցության մասին, միեւնույն ժամանակ, լսումների ամսաթիվը՝ դեկտեմբերի 4-ը, չի փոխվել։
Ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ ցուցմունքներ կտա Կոնգրեսում, իմփիչմենթի դիտարկման շրջանակում։
«Ներկա պայմաններում մենք մտադիր չենք մասնակցել լսումներին, որոնք տեղի կունենան չորեքշաբթի»,- թերթը մեջբերում է Սպիտակ տան իրավաբանական խորհրդական Փեթ Չիպոլոնեի նամակը Ներկայացուցիչների պալատի դատական գործերի կոմիտեի ղեկավար Նադլերին։
Դեմոկրատները սկսել են իմփիչմենթի ընթացակարգ Թրամփի դեմ՝ կասկածելով, որ նա ձգձգել է Ուկրաինայի ռազմական օգնությունը՝ օգնության դիմաց պահանջելով հետաքննություն սեփական քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի դեմ։ Դեմոկրատները վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, ինչը թույլ է տալիս Թրամփին իմփիչմենթի ենթարկել այդ պալատում, բայց Սենատում նախագահին հանելու համար կպահանջվի ձայների երկու երրորդը, իսկ հանրապետական մեծամասնությունը մտադիր չէ իմփիչմենթ իրականացնել։