Անդրբայկալում ուղեւորատար ավտոբուսն ընկել է գետը. զոհերի թիվը հասել է 19-ի
Անդրբայկալում սառույցով պատված Կուենգա գետն ավտոբուսի ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:
«Ավտովթարի հետեւանքով զոհվել է 19 մարդ, տուժել առնվազն 5 մարդ»,-հայտնել են վարչության մամուլի ծառայությունում:
Իրավապահ մարմիններում աղբյուրի հաղորդած տեղեկություններով՝ զոհերի թվում կա երկու անչափահաս: Ավելի վաղ հաղորդվել է 15 զոհի եւ 18 տուժածի մասին:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, Ներչինսկի եւ Սրետենսկի հիվանդանոցների բժիշկները: Տուժածները տեղափոխվում են Ներչինսկի քաղաքային հիվանդանոց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Չիտայից դեպքի վայր է ուղեւորվել Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի երկու ուղղաթիռ:
Ողբերգական դեպքի մասին տեղեկատվությունը ստացվել է տեղական ժամանակով 09:38-ին: ՃՏՊ-ի պատճառը պայթած անիվն է՝ համաձայն նախնական տվյալների:
ԱԻՆ-ի տեղեկություններով՝ ավտոբուսում գտնվել է 44 մարդ: