ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպանը չի պատրաստվում հրաժարական տալ ոտնձգությունների մեջ մեղադրվելու պատճառով
ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ իր հասցեին հնչած սեռական ոտնձգության մեղադրանքների պատճառով, գրում է Politico-ն՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրին:
Բացի այդ ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպանը կտրականապես հերքում է իր հասցեին ուղղած բոլոր մեղադրանքները:
«Հրաժարական տալու մտադրություն չկա»,-պարբերականին հայտարարել է աղբյուրը՝ նաեւ պատասխանելով հարցին, թե համարում է արդյոք Սոնդլանդը, որ կկարողանա արդյունավետորեն աշխատել Բրյուսելում որպես դիվանագետ, երբ մեկնարկել է իմփիչմենթի գործընթացն ու նա ստիպված է մեկնել Վաշինգտոն իմփիչմենթի գործով ցուցմունք տալու համար:
Ավելի վաղ երեք կանայք՝ Նիկոլ Վոգելը, Ջանա Սոլիսն ու Նատալի Սեփթը հայտնել էին, որ Սոնդլանդը համբուրել կամ փորձել է համբուրել նրանց առանց համաձայնության, իսկ կանանցից մեկը պնդում է, որ դեսպանը մերկացել է նրա առջեւ: Դեռ ավելին, այդ կանանցից մերժում ստանալու ց հետո Սոնդլանդը իբր արհեստական խոչընդոտներ էր ստեղծում նրանց համար մասնագիտական առումով: Այդ էպիզոդները, ինչպես պնդում են մեղադրող կանայք, տեղի են ունեցել նախքան Սոնդլանդի՝ դեսպանի պաշտոնը ստանձնելը: