Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է գնել ռուսական սպառազինություններ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ հայտարարել է, որ երկիրը պատրաստ է գնել ռուսական սպառազինություններ։
«Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցություն է հաստատել ՀԱՊԿ երկրների հետ։ Հատկապես ցանկանում եմ ընդգծել համագործակցությունը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 30-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ նոյեմբերի 26-ին՝ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկրների միջեւ 2020 թվականին ռազմական ոլորտում համագործակցության հարցերը։ «Եթե հարկ լինի, Ադրբեջանը կարող է ձեռք բերել նոր սպառազինություն Ռուսաստանից»,- ավելացրել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՌԻԱ «Նովոստի»-ին ասել էր, որ Բաքուն շահագրգռված է ռուսական սպառազինությունների նոր մատակարարումների պայմանագրերով, մանրամասները կհամաձայնեցվեն համապատասխան գերատեսչությունների կողմից։ Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանից Ադրբեջան զենքի մատակարարման արդեն իրականացված գործարքները գնահատվում են հինգ մլրդ դոլար։