Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են մաքսային մոնիթորինգի շուրջ երկխոսության ակտիվացման մասին․ ԶԼՄ
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ՌԴ սենատոր Գրիգորի Կարասինի հետ Պրահայում հանդիպման ժամանակ ձեռք է բերվել մաքսային մոնիթորինգի շուրջ երկխոսության ակտիվացման պայմանավորվածություն։
Ըստ երկկողմ համաձայնագրի, ապրանքաշրջանառության մոնիթորինգը պետք է անցկացնի շվեյցարական SGS ընկերությունը։ 2011թ․ Վրաստանը եւ Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել մեխանիզմ, որը կազմված է միջազգային մոնիթորինգի համակարգից եւ տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգից։
«Մենք քննարկել ենք առեւտրատնտեսական հարցեր, ապրանքաշրջանառության դինամիկան 10 ամիսների ընթացքում, տրանսպորտային կապերը, որոնք ենթադրում են ոչ միայն ավիահաղորդակցություն, այլեւ ցամաքային, բեռնատար փոխադրումներ, ուղեւորափոխադրումներ․․․ Հանդիպմանը նաեւ անդրադարձել ենք 2011թ․ մաքսային համաձայնագրի թեմային։ Խոսվել է այդ գործընթացին աջակցելու, հնարավորինս այն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։ Դեկտեմբերին փորձագիտական աշխատանքային խումբը կհավաքվի Ժնեւում»,- ասել է Աբաշիձեն։
Հունվարի սկզբին Վրաստանում ստեղծվել էր բեռների մաքսային մոնիթորինգի մասին Ռուսաստանի հետ պայմանագրի իրականացման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։
Ռուսաստանը եւ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, երկու երկրների միջեւ երկխոսությունն իրականացվել է Ժնեւյան խորհրդակցությունների եւ Կարասինի ու Աբաշիձեի միջեւ 2012թ․ Պրահայում անցկացված բանակցությունների միջոցով։ Երկու երկրների հարաբերություններին վերջ էր դրել վրացական կողմը՝ այն բանից հետո, երբ Մոսկվան 2008թ․ օգոստոսի 26-ին ճանաչել էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։