Ռուսաստանը ողջունում է ԼՂ-ի շուրջ իրադրության ապաէսկալացմանն ուղղված ակցիաները. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի լրագրողների փոխադարձ ուղևորությունները, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման շրջանակում բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն միտված հումանիտար մյուս ակցիաները:
Այդ մասին նոյեմբերի 28-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան:
Դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ռուսաստանցի իրենց պաշտոնակից Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ 2019 թվականի ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպմանը համաձայնել են քաղաքական աշխատանք սկսել մի շարք հումանիտար հարցերի շուրջ՝ ներառյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխադարձ ուղևորությունները:
«Այդ այցերը կայացել են նոյեմբերի 17-ի և 21-ի միջև ընկած ժամանակաշրջանում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոորդինացնող դերակատարությամբ,- նշել է նա:-Դրանց լրագրողներ են մասնակցել Ադրբեջանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից: Մենք այդ համատեղ միջոցառումը դիտում ենք որպես հայերի և ադրբեջանցիների միջև շփումների հաստատմանը նպաստելու կողմերի մտադրությունների դրսևորում: Գտնում ենք, որ այդօրինակ հումանիտար ակցիաները, որոնք միտված են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, հարկավոր է շարունակել, և մենք, անտարակույս, կպաշտպանենք դրանք»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը «կշարունակի կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման գործում»՝ հաղորդել է TASS-ը: