Չեխիայում քրեական գործեր են հարուցվել ՉՍՍՀ նախկին ղեկավարների դեմ
Չեխիայի ոստիկանությունը քրեական գործեր է հարուցել Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ ՉՍՍՀ կառավարության նախկին նախագահ Լյուբոմիր Շտրոուգալը, Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Միլոշ Յակեշը եւ Չեխոսլովակիայի ՆԳՆ նախկին ղեկավար Վրատիսլավ Վայները մեղադրվում են ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ, տեղեկացնում է DW-ն՝ հղում կատարելով կոմունիզմի հանցագործությունների փաստաթղթերի եւ հետաքննության չեխական գրասենյակի հայտարարությանը։
Խոսքը զենքի կիրառման մասին է չեխոսլովակյան սահմաններին 1970-1980-ական թվականներին։ 1976 թվականի մարտից մինչեւ 1989-ի վերջը 9 մարդ, որոնք փորձել են հատել սահմանը, գնդակահարվել է սահմանապահների կողմից, եւս առնվազն 7 մարդ վիրավորվել է։
Գործերով անցնողները կանոնավորապես տեղեկություն են ստացել նման դեպքերի մասին՝ իրենց պաշտոնների բերումով, բայց միջոցներ չեն ձեռնարկել, որոնք կարող էին կանխել ողբերգական միջադեպերը, ընդգծվում է հաղորդագրությունում։ Նրանց մեղքն ապացուցվելու դեպքում Շտրոգալին, Յակեշին եւ Վայներին կսպառնա 2-10 տարվա ազատազրկում։