ԱՄՆ-ում մեքենայի մեջ փակված շունը վարել է հետընթաց շրջանով (Տեսանյութ)
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Պորտ Սենտ Լյուսի քաղաքում պատահաբար մեքենայի մեջ փակված շունը մեկ ժամ պտտվել է տան առջեւ, այն էլ հետ վարելով, հայտնում է RG-ը։
Ավտոմեքենայի տիրոջ հարեւանուհու խոսքերով, ինքը ուշադրություն է դարձրել նրան, որ առաջին հայացքից դատարկ ավտոմեքենան արդեն մի քանի րոպե պտտվում է տեղում, եւ ոստիկանների ու փրկարարների է կանչել։ Նրանք չեն համարձակվել կանգնեցնել անկառավարելի ավտոմեքենան եւ խելամիտ կերպով սպասել են մինչեւ այն հարվածի փոստարկղին եւ աղբի տարաներին։ Միայն դրանից հետո են նրանք բացել մեքենան եւ այնտեղից դուրս թողել վախից խելքը թռցրած լաբրադոր-ռետրիվերին։ Թե ինչ է նա ապրել այդ պահերին, ինչ է մտածել եւ ում հետ է հույսեր կապել, լրագրողները չեն կարողացել պարզել։
Նաեւ անհայտ է մնացել, թե ինչպես է շունը կարողացել միացնել մեքենան եւ փոխանցման տուփը դնել հետընթաց ռեժիմի վրա։ Հնարավոր է՝ տերը պետք է տեղի ունեցածը քննարկի իր չորքոտանի բարեկամի հետ։ Իսկ շունը պետք է խոստանա, որ այլեւս առանց թույլտվության ղեկին չի նստի եւ դասընթացների կհաճախի։ Եթե որոշել ես դառնալ աշխարհում առաջին շուն-վարորդը, բարի եղիր վարորդական իրավունք ստանալ։