Գյումրի. Տունը, որտեղ ծնվել է Սերգեյ Մարտինովը՝ Բելառուսի ԱԳՆ նախկին ղեկավարը
Գյումրիի հենց կենտրոնում՝ Վարդանանց հրապարակից երկու քայլի վրա փոքրիկ փողոց է՝ հին շենքերով։ Դրանցից մեկի վրա հուշատախտակ է փակցված՝ Այս տանը 1953-ին ծնվել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Նիկոլաևիչ Մարտինովը։
«Շենքը բնակելի է, կառուցվել է անցյալ դարի 20-ական թվականներին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիխ Գասպարյանը։
Պարզվեց՝ հուշատախտակը դրվել է մի քանի տարի առաջ։ «Սերգեյ Նիկոլաևիչը գալիս էր Գյումրի, միասին փնտրում էինք տունը, որտեղ նա ծնվել էր։ Նա ցույց տվեց այս տունը։ Տառացիորեն մի գիշերում պատրաստեցինք հուշատախտակը եւ նրա ներկայությամբ էլ տեղադրեցինք»,- շարունակեց Հենրիխ Գասպարյանը։ Բնակարանը, որտեղ ապրել է ապագա նախարարի ընտանիքը, գտնվում էր երկրորդ հարկում։
Շենքը, որը հին Գյումրիի մի մասն է, վատ չի պահպանվել։ «Շենքը լավ է պահպանվել, թեեւ կան վթարային հատվածներ»,- ավելացրել է գլխավոր ճարտարապետը։