ԱՄՆ Կոնգրեսը Դոնալդ Թրամփին հրավիրել է լսումների իմփիչմենթի շրջանակում
Կոնգրեսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է իմփիչմենթի շրջանակում առաջին լսումներին, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 4-ին, տեղեկացնում է BBC News-ը։
Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցությունից Դատական կոմիտեի անդամ Ջերոլդ Նադլերն ասել է, որ նախագահը կարող էր գալ լսումներին կամ «դադարեցնել այդ գործընթացի հետ կապված դժգոհություններ հայտնելը»։
Նրա խոսքով, եթե Դոնալդ Թրամփը գա լսումներին, կկարողանա հարցեր տալ վկաներին։
Դեմոկրատները Կոնգրեսում սկսել են Թրամփի իմփիչմենթի ընթացակարգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա Թրամփի քաղաքական ընդդիմախոսի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ հետաքննություն անցկացնելու նպատակով ենթադրյալ ճնշման պատճառով։ Նրանք նախագահին մեղադրում են այն բանում, որ նա պայման է դրել Կիեւին ռազմական օգնության ցուցաբերումը։ Ինքը՝ Թրամփը, հայտարարում է, որ ուկրաինական իշխանություններին կոչ է արել միայն պայքարել կոռուպցիայի դեմ եւ ոչ մի պայման չի դրել։
Եթե Ներկայացուցիչների պալատը քվեարկի իմփիչմենթի օգտին, Սենատում տեղի կունենա գործընթաց Թրամփի դեմ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսի ղեկավարությամբ։ Դրա արդյունքների հիման վրա տեղի կունենա քվեարկություն, որտեղ իմփիչմենթի եւ Թրամփին իշխանությունից հեռացնելու համար կպահանջվի սենատորների ձայների երկու երրորդը։ Ներկա պահին հանրապետականները չեն պատրաստվում քվեարկել Թրամփին հեռացնելու օգտին։