Դուբնա քաղաքում ՀՀ քաղաքացու սպանության մանրամասները ճշտվում են. ՀՀ դեսպանություն
Մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում (Դաչնայա փ․2 հասցեում) նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Փոխանցված տեղեկատվության համաձայն, տեղի ունեցած միջադեպի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի Ե․Գ․-ն։ Մեկ այլ քաղաքացի ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ։
Տեղի ունեցածի մանրամասներն ու այլ հանգամանքներ ներկայումս ճշտվում են:
Դեսպանությունն ու ՌԴ-ում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը մշտական կապ են պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, Հայաստանի մի քանի քաղաքացիներ իրենց հանգիստն անցկացրել են Դուբնա քաղաքի «Լիմոնադ» գիշերային ակումբում: Ակումբում նրանք հանդիպել են իրենց ծանոթներին, որոնց թվում եղել է քաղաքի բնակիչ ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Ավելի վաղ նա կոնֆլիկտ է ունեցել շրջապատի հետ, որում եղել է գյումրեցի Երեմ Գեւորգյանը: Ակումբում շփման ընթացքում կոնֆլիկտը հարթվել է, թվում էր, թե բոլոր հարցերը լուծվել են:
Սակայն ավելի ուշ, երբ Երեմն ու իր զարմիկը ծխել են շենքի մոտքի մոտ, նրանց վրա հարձակվել է վերոնշյալ անձը: Հարվածի հետեւանքով Երեմը ընկել է եւ կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք ստացել, իսկ նրա զարմիկը միջին ծանրության վնասվածք է ստացել: