ԱՄՆ-ում բոդիբիլդինգի 82-ամյա կին չեմպիոնը ծեծել է նրա տուն ներխուժած տղամարդուն
ԱՄՆ-ում 82-ամյա կենսաթոշակառու Ուիլի Մերֆին հայտնվել էր վտանգավոր իրավիճակում, երբ անհայտ տղամարդը ներխուժել էր նրա բնակարան, սակայն կինն արժանի հակահարված էր տվել նրան, հաղորդում է 13Wham-ը:
Մերֆին պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան, երբ նա պատրաստվում էր քնել:
Անսպասելիորեն դուռը թակել է տղամարդն ու խնդրել շտապ օգնություն կանչել՝ հայտարարելով, որ նա շատ հիվանդ է: Կինը չի բացել դուռը, սակայն զանգարահել է ոստիկանություն:
Հանկարծակի նա լսել է բարձր աղմուկ: Պարզվել է՝ տղամարդը կոտրել է դուռն ու ներխուժել ներս: Սակայն նա չգիտեր, որ գործ ուներ բոդիբիլդինգի չեմպիոն կնոջ հետ, որը դեռեւս շարունակում է աշխատել իր մարզավիճակի վրա մարզասրահում:
Տանը լույսերն անջատած էին, այդ իսկ պատճառով կինը վերցրել է առաջին պատահած իրը՝ սեղանը, եւ հարվածել տղամարդուն, որը եւ ընկել է հատակին, իսկ Մերֆին թռել նրա վրա:
Այնուհետեւ նա չգիտես ինչու շամպուն է լցրել տղամարդու վրա: Անհայտ անձի գիտակցությունը վերականգնվել էր, եւ կինը վերցրել էր ավելն ու տեսնելով, որ հակառակորդը փորձում է խլել «զենքը», դրանով եւս հարվածել է:
Վերջապես ժամանել է ոստիկանությունը: Չարագործը հոսպիտալացվել է, իսկ կինն արժանացել միայն հիացմունքով լի ծափահարությունների: