Եղիսաբեթ II-ը չեղարկել է արքայազն Էնդրյուի 60-ամյակի պատվին կայանալիք երեկույթը
Արքայազն Էնդրյուն քաղում է BBC-ին տված իր հարցազրույցի պտուղները: Հեղինակությունը փրկելու փորձը նա տապալեց. հայտնություններն «ամենաանհեթեթ մեջբերումների» վերածվեցին, իսկ Էնդրյուն անորոշ ժամանակով հեռացվեց արքայական պարտականությունների կատարումից: Սակայն դրանով հետևանքները չեն սահմանափակվում:
Այսօր հայտնի է դարձել, որ Եղիսաբեթ II-ը հրաժարվել է Էնդրյուի 60-ամյակի պատվին մեծ երեկույթ կազմակերպելու ծրագրերից:
Արքայազնը կլոր տարեթիվը կնշի փետրվարի 19-ին: Այնուամենայնիվ, նրա պատվին շնորհավորանքներ կհնչեն՝ հանգիստ ընտանեկան ընթրիքի ժամանակ, որտեղ, ինչպես սպասվում է, ներկա կլինի Նորին մեծությունը:
Հաղորդվում է, որ թագուհին «խորապես հիասթափված է» այն բանից, որ արքայազն Էնդրյուի մասնակցությամբ սկանդալը լուրջ հարված է հասցրել ամբողջ ընտանիքի հեղինակությանը: Բայց գաղտնի, նա, այնուամենայնիվ, աջակցում է իր սիրելի որդուն՝ չնայած նրա անխոհեմ գործողություններին: Յորքի դուքսը հարցազրույց է տվել BBC-ին՝ առանց թագուհու հավանության:
«Տեղի է ունեցել խոսակցություն մոր և որդու միջև, որի ժամանակ նա հայտնել է, որ ցանկանում է արտահայտվել Էփշտեյնի սկանդալային պատմության թեմայի շուրջ: Բայց մանրամասներ չի հայտնել: Թագուհին հարցազրույցի համար հավանություն չի տվել և շատ է վշտացել դրա հետևանքներից»,- ասել է The Sunday Times-ի թագավորական աղբյուրը: