Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական համերգն ու վարչապետի կողմից ստացած պարգևը (Տեսանյութ)
Երգեր՝ սիրո, հայրենիքի, հայերի, հայ զինվորի մասին, բոլորիս քաջ ծանոթ ստեղծագործություններ՝ մուլտֆիլմերից եւ ֆիլմերից, հիշողություններ, որոնք կարող են արթնացնել միայն երաժշտահնչյունները՝ միայն Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտության հնչյունները... Այսպիսի տրամադրություն էր տիրում երեկ՝ նոյեմբերի 23-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ անվանի կոմպոզիտորն իր 80-ամյա հոբելյանին նվիրված համերգի շուրջ էր համախմբել Արցախի պետական ջազ-նվագախմբին, Արցախի պետական երգչախմբին եւ արցախցի երգիչներին, որոնք Ամիրխանյանի ստեղծագոևրծությունների երկրպագուներին ներկայացրին կոմպոզիտորի՝ բոլոր ժամանակների ամենահայտնի ու սիրված ստեղծագործությունները եւ ոչ միայն: Ողջ համերգի ընթացոում Ամիրխանյանը նվագակցում էր երգիչներին, շփվում հանդիսատեսի հետ, երբեմն էլ՝ հենց բեմում իմպրովիզներ կատարում:
Համերգին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:
Երեկոյի ավարտին կոմպոզիտորին սպասվում էր անակնկալ. ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ երաժշտաարվեստի բնագավառում ներդրած ավանդի, հայ երգարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Ռոբերտ Ամիրխանյանը պարգեւատրվեց հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով:
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր՝ այս առիթով այս դահլիճում իմ շնորհավորանքը հղել Ձեզ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ եւ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անունից, ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի անունից՝ այն ժառանգության համար, որ 80 տարի անց մենք այսօր կարող ենք ունենալ՝ որպես մեզանից յուրաքանչյուրի պատմությունը, որպես մեր ազգային, ժողովրդական սեփականություն...»,-իր խոսքում նշեց Փաշինյանը:
Ռոբերտ Ամիրխանյանը Արցախի պետական ջազ-նվագախմբի հետ ծանոթացել է փետրվարին՝ Ստեփանակերտում լինելու ժամանակ: Բացահայտելով արցախցի տաղանդներին՝ կոմպոզիտորը որոշել է իր հոբելյանական համերգի շրջանակում ներկայացնել արցախյան տաղանդը՝ համերգը կոչելով «Այստեղ Հայաստանն է»: Ամիրխանյանի համար շատ կարեւոր էր այս հանդիպումը հանդիսատեսի հետ: Նա նշում է.
«Սա ինձ համար ավելի կարեւոր բան է, քան այն հաճոյախոսությունները, որոնք հնչում են հոբելյանի առթիվ, որովհետեւ լիքն են ստեղծագործությունները, ոգեւորությունը չի պակասում իմ կյանքում: Մեծագույն բերկրանք կա այն բանում, որ քո հայոց հողի վրա շարունակում ես աշխատել, իսկ քո հայրենակիցներն ապրում են քո երգով. դրանից ավելի՞ մեծ երջանկություն... »,-ասում է ու շարունակում.
«Հարց կա այսպիսի՝ ո՞վ է երգիչը: Գալիս ես այն եզրակացության, որ երգիչն այն մարդն է, որը մեղեդին գիտի, կարողանում է երգել: Բայց կյանքն ինձ ցույց տվեց, որ երգիչը նա չէ, որ կարողանում է երգել, այլ նա՝ ով չի կարողանում չերգել: Մարդը նա չէ, ով կարողանում է ապրել, այլ նա՝ ով չի կարող չապրել՝ անկախ դոլարի կուրսից, անկախ այլ պայմաններից՝ ինքն ապրում է: Իմ ստեղծագործությունները ծնված են՝ որպես մարդիկ, որոնք ապրել են արդեն, իսկ, թե դրանք ով կսիրի, ով կցանկանա դրանք գնահատել, դա իմ գործը չէ»:
Մոտ 4 ժամ տեւողությամբ երեկոյի ընթացքում հնչեցին «Դինգ դոնգ», «Նոր տարվա հանդես», «Պույ-պույ մկնիկ», «Օրորոցային», «Թուրն Անդրանիկի», «Երկու կռունկ», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Երազ իմ երկիր» եւ մյուս բոլոր հայտնի երգերը. Եղան նաեւ դեռեւս չհնչած ստեղծագործություններ, այդ թվում՝ երգ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին, իսկ երեկոն եզրափակվեց «Հայի աչքեր» հայտնի ստեղծագործությամբ, որի ընթացքում Ամիրխանյանին եւ երգչախմբին հոտնկայաս ձայնակցում էր ամբողջ դահլիճը:
Աղբյուրը՝ News.am Stile