Եգիպտոսում հայտնաբերել են կենդանիների մումիաների և հնագույն հուշարձանների մի ամբողջ «թանգարան» (Լուսանկար)
Կահիրեի արվարձաններում գտնվող Սաքքարա համալիրի տարածքում հայտնաբերվել են կենդանիների և թռչունների մումիաների լայնածավալ գերեզման, ինչպես նաև Հին Եգիպտոսի պատմության տարբեր ժամանակաշրջանի արտեֆակտներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի Հին հուշարձանների նախարար Խալեդ ալ-Անանիի հայտարարությունը:
Ըստ նրա՝ գտնված մասունքները կարող էին տեղադրվել թանգարանում:
Եգիպտոսի հնագետների շրջանում ամենամեծ հետաքրքրությունը առաջացրել են երկու առյուծի ձագերի մումիաները:
Հետազոտողներին հաջողվել է գտնել նաև կատուների, մանգուստի, կոկորդիլոսների, հորթերի և բազեների մումիաներ:
«Մենք այժմ քննարկում ենք, թե որ թանգարաններ ուղարկենք այդ գտածոները, բայց հնարավոր է, որ ստեղծվի առանձին թանգարան»,- ասել է Ալ-Անանին:
Սաքքարի հնագիտական առաքելության ղեկավար Մուհամմեդ Յուսեֆի խոսքով՝ գտածոները պատկանում են փարավոնների XXVI դինաստիային, որը ղեկավարում էր մոտ 2700 տարի առաջ: