ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում․ Պոմպեո
ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում՝ ցույցերին իշխանությունների արձագանքի պատճառով։ Այս մասին Iran International հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Հարցազրույցի տեքստը շաբաթ օրը տարածվել է Պետդեպի մամուլի ծառայության կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այժմյան պատժամիջոցները ուղիղ արդյունքն են այն բանի, որ իրանական ղեկավարությունը անջատում է ինտերնետը։ Նրանք խափանել են իրանցիների խոսելու, շփվելու հնարավորությունը, նրանց ազատությունը․․․ Իշխանությունները փորձել են ճնշել ցույցերը, այդ պատճառով մենք պատժամիջոցներ ենք սահմանել դրա պատասխանատուների դեմ։ Կշարունակենք այդպես վարվել»,- նշել է Պոմպեոն։
Պետքարտուղարի պնդմամբ, ԱՄՆ-ը միայն ուզում է, որ իրանցի ժողովուրդը պաշտպանված լինի եւ մարդու իրավունքները պահպանվեն։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 22-ին հայտարարել է, որ պատժամիջոցների իր ցուցակում ներառել է նախարար Ազարի Ջահրոմիին, որը մասնակից է Իրանի քաղաքացիների համար ինտերնետի հասանելիությունը սահմանափակելուն։ Այդ ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում եւ ամերիկյան քաղաքացիների ու ընկերությունների համար նրա հետ բիզնես անելու արգելք։
Նոյեմբերի 16-ին իրանական իշխանությունները անջատել էին երկրում ինտերնետը՝ թողնելով միայն որոշ առցանց-ծառայությունների հասանելիությունը։ Արգելափակումների մասին որոշումն ընդունվել էր բենզինի գնի եռակի բարձրացման դեմ բողոքի ցույցերի հետ կապված։