Հանրապետական սենատորները ԱՄՆ ֆինախից խնդրել են տրամադրել Հանթեր Բայդենի վերաբերյալ «կասկածելի» տեղեկությունները
ԱՄՆ Սենատի 2 կոմիտեի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները երկրի ֆինանսների նախարարությունից խնդրել են տրամադրել ԱՄՆ նախկին փոխնախագահի որդու՝ Հանթեր Բայդենի գործարքների ժամանակ փողերի լվացման կամ խարդախության վերաբերյալ հավանական զեկույցները, հայտնում է Reuters-ը:
Պարբերականի տրամադրության տակ հայտնված նամակում նշված է «կասկածելի ակտիվության» կամ փաստաթղթերի վերաբերյալ զեկույցների մասին, որոնք ֆինանսական հաստատությունները հանձնում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտ, եթե փողերի լվացման կամ խարդախության կասկածներ կան:
Նամակում նշված չէ՝ իրականում արդյոք գոյություն ունի՞ Հանթեր Բայդենին վերաբերող այդպիսի տեղեկատվություն: Չի նշվում նաեւ՝ հարցն արդյոք առնչվո՞ւմ է նաեւ նրա հորը՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին: