Շուկա է դուրս բերվել ստանդարտ գիպսին փոխարինող հեղափոխական արտադրանք
Ամերիկյան Cast21 ընկերության մասնագետները մշակել են թեթեւ, շնչող եւ ջրից չվախեցող արտադրանք՝ ֆիքսատոր, որը կարող է փոխարինել ստանդարտ գիպսին, եւ որը կարելի է համարձակորեն կրել նույնիսկ լողավազանում:
The Daily Mail-ը հայտնում է, որ տեխնոլոգիան պարզ է. թեւին է հագցվում հատուկ ցանցկեն թեղանիք, որի մեջ լցվում է ռետինացված բաղադրություն, որը պնդանում է մի քանի րոպեում: Այս ընթացքում բժիշկը պետք է հասցնի խառնուրդն այնպես տեղաբաշխել, որ այն առավելագույնս համապատասխանի տուժած վերջույթի բնական առանձնահատկություններին: Այս արտադրանքի միջոցով վերջույթի ֆիքսացիան տեւում է 10-15 րոպեից ոչ ավելի:
Կարելի է պատրաստել ցանկացած գույնի ֆիքսատոր, ինչը հատկապես դուր կգա երեխաներին: Կարեւոր է, որ ի տարբերություն սովորական գիպսի՝ ֆիքսատորը հեշտ է հանվում: Ավելին՝ այն օդ է բաց թողնում եւ «շնչում» է, ինչը եւս անչափ կարեւոր է:
Այսօրվա դրությամբ՝ մշակողները ֆիքսատոր են պատրաստում միայն թեւերի համար, բայց հույս ունեն մոտ ժամանակում ֆիքսացիայի նմուշներ ստանալ մարմնի բոլոր մասերի համար: