Գիտնականները գտել են ծերանալու և քաղցկեղի անհայտ պատճառը
Տարիքին զուգահեռ՝ մարդու բջիջներն ամբողջ օրգանիզմում ռեսուրսները պակաս արդյունավետ են տեղաբաշխում, ինչը ժամանակի ընթացքում առաջացնում է հյուսվածքների դեգրադացիա, օստեոպորոզ, արթրիտ, ինչպես նաեւ սիրտ-անոթային հիվանդություններ եւ քաղցկեղ: Այսպիսի եզրակացություն են կատարել Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները:
Ինչպես նշվում է Phys.org կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, գիտնականները հայտնաբերել են, որ ոսկրային բջիջներում (օստեոցիտներում) միտոքոնդրիումները օստեոցիտները կապող ճյուղավորված ցանցով կարող են փոխադրվել այլ բջիջներ: Միտոքոնդրիումները բջիջներն ապահովում են էներգիայով եւ կարեւոր դեր են խաղում մետաբոլիզմում եւ ծերացման մեջ:
Միտոքոնդրիումների փոխանցումը ընդունող բջիջներին թույլ է տալիս կարգավորել հյուսվածքների բորբոքումը, կանխել վնասվածքները եւ անգամ քիմիաթերապիայի հանդեպ կայունություն զարգացնել: Փոխանցումն իրականացվում է էնդոպլազմային ցանցի միջոցով՝ թաղանթով շրջապատված խոռոչների, պղպջակների եւ ուղիների համակարգ: Այս պրոցեսում առանցքային դերակատարում ունի միտոֆուզին-2 ֆերմենտը, որը միտոքոնդրիումը կապում է ցանցի հետ:
Տարիքին զուգահեռ՝ այս միացության ակտիվությունը նվազում է, միաժամանակ խախտվում է միտոքոնդրիումների տեղաբաշխումը եւ դրանց փոխադրումը օստեոցիտների ցանց: Սա իր հերթին մեծացնում է բջիջների ոչնչացման եւ հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Գիտնականների խոսքով՝ ստացված տվյալները կարող են օգնել նշված հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակմանը: