Նոյեմբերի 24-ին նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա
AVM production ընկերության կողմից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում նոյեմբերի 24-ին նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա: Այս մասին հայտարարություն է տարածել AVM production ընկերության տնօրինությունը։ «Մեր ընկերության կողմից կատարվել են համերգի հետ կապված բոլոր նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքները: Սակայն ընկերությունը բախվել է լուրջ ֆինանսական խնդիրների, որոնք առաջացել են վաճառված տոմսերի համընդհանուր վերադարձի արդյունքում: Հանդիսատեսի նման վարվելակերպն ընկերությունը թեև չի ողջունում, սակայն փաստում է, որ այն ունի որոշակի օբյեկտիվ պատճառներ: Ինչպես բոլորիդ արդեն հայտնի է համատարած գովազդից, Երևանի քաղաքապետարանը Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպում է Գորան Բրեգովիչի բարեգործական համերգը, ինչի պատճառով էլ հետ է վերադարձվել մեր կողմից կազմակերպված համերգի վաճառված տոմսերի հիմնական մասը: Ընկերությունը հայցում է Ձեր ներողամտությունը և տեղեկացնում է, որ վաճառված տոմսերի գումարները Ձեզ ետ կվերադարձվեն մինչև 2019թ. դեկտեմբերի 20-ը»,-նշված է հաղորդագրության մեջ։