Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, վնասված Toyota, պատուհանի ապակի և 24 հատ կրակված պարկուճներ (Լուսանկարներ)
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ, հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանոթյան Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանն ու վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանը։ Ոստիկանները նշված շենքի մոտ հայտնաբերել են 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, ինչպես նաև հայտնաբերել են նշված հասցեում գտնվող պատուհանի ապակու վրա կրակոցի հետք և նշված վայրում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողային հատվածում նույնպես կրակոցի հետք է եղել։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։