Համացանցում հայտնի է դարձել Չարլի Չապլինի նմանակ-կատուն
Ցանցում կատու են գտել, որը շատ նման է համր կինոյի ժամանակաշրջանի հայտնի ամերիկացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Չարլի Չապլինին: Կենդանին, որի անունը Չարլի է, նույնպիսի բեղեր ունի: Կատուն շատ հայտնի է դարձել համացանցում:
Նրա տիրուհին, ԱՄՆ Ալաբամա նահանգի բնակչուհի Սթեյսի Մբյուզիքը, ասում է, որ մարդիկ իր կատվին նմանեցնում են նույնպիսի բեղեր ունեցող երգիչ Ֆրեդի Մերկուրիին և դերասան Թոմ Սելեքին, սակայն նրանք գերադասում են մեծ կոմիկի հետ նմանությունը:
Ինչպես գրում է Metro պարբերականը, Չարլին ծնվել է Սթեյսիի հարևանուհու այգում, ֆուրգոնի տակ: Չարլիի մայրը, ինչպես նաև եղբայրներն ու քույրերը վայրի էին և մարդկանց հետ չէին շփվում: Իսկ Չարլին մարդամոտ էր, հյուր էր գնում Սթեյսիին և այդպես դարձավ նրանց տան անդամը: Իսկ բեղի նման անսովոր բծերը Չարլիի դեմքին սկսել են հայտնվել, երբ նա երեք-չորս ամսական էր:
Կատուն միշտ քնում է տիրուհու անկողնում: Իսկ ընտանեկան վեճերի ժամանակ հանդես է գալիս հաշտարարի դերում. նրան դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը բղավում է:
Չարլին այժմ ութ տարեկան է, և նա Instagram-ի աստղ է դարձել: Նրա նոր լուսանկարները հիացնում են երկրպագուներին: