Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Սիրիայի հյուսիսում 145 կմ երկարությամբ եւ 30 կմ լայնությամբ անվտանգության գոտի ստեղծելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ստեղծվել է 145 կմ երկարությամբ եւ 30 կմ լայնությամբ անվտանգության գոտի: «Խաղաղության աղբյուր» գործողությունների շրջանում արեւելքից եւ արեւմուտքից հարձակումները շարունակվում են: Հարձակումները կանխելու համար բանակցություններ ենք վարում մեր ռուս գործընկերների հետ»,- Աքարի խոսքը մեջբերում է NTV հեռուստաալիքը:
ԱՄՆ-ը եւ Թուրքիան հոկտեմբերի 17-ին հայտարարել էին, որ պայմանավորվել են Թուրքիայի ռազմական գործողությունը 120 ժամով դադարեցնելու եւ քրդական կազմավորումները Սիրիայի հետ սահմանային գոտուց հանելու մասին։ Հրադադարի ժամկետը լրացել էր հոկտեմբերի 22-ին։ Ավելի ուշ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը լիարժեք չի կատարել Թուրքիայի առջեւ իր պարտավորությունները Սիրիայի հարցով պայմանավորվածությունների շրջանակներում, եւ Անկարան պատրաստ չէ փոխզիջումների գնալ։
ՌԴ-ն եւ Թուրքիան հոկտեմբերի 22-ին փոխըմբռնման մասին 10 կետանոց հուշագիր էին ստորագրել, մասնավորապես, Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի սիրիական կողմում ռուսական ռազմական ոստիկանական եւ սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների տեղակայման մասին, որոնք պետք է նպաստեին քրդական ջոկատներին սահմանից 30 կմ հեռավորությամբ դուրս բերել։ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ քրդերի դուրսբերումը ժամանակից շուտ է ավարտվել։ Դրանից հետո սկսվել էր ռուս-թուրքական համատեղ պարեկությունը։