Չավուշօղլուն մեղադրել է Եվրախորհրդարանի նախագահին կեղծավորության մեջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն դատապարտել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) նախագահ Դավիթ Սասոլիի արտահայտություններն իր հետ Բրյուսելում հանդիպումից հետո՝ դրանք անվանելով երկերեսանիության դրսեւորում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Այն, որ Եվրախորհրդարանի ղեկավարը նկատողություններ է անում, որոնք չէր համարձակվի անել անձամբ ինձ, եւ փորձում է դրանք մատուցել որպես ճշմարտություն, ԵՄ երկերեսանիության եւ անկեղծ չլինելու եւս մեկ օրինակ է»,- գրել է Չավուշօղլուն Թվիթերում։
Նրա խոսքով՝ «ամոթ է, որ Եվրոպայի ժողովուրդներին ներկայացնող մարդը խեղաթյուրում է զրույցի բովանդակությունը, որը տեղի է ունեցել ԵՄ ինստիտուտներից մեկի պատերի ներսում»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բազմիցս ասել էր, որ իր երկիրը կբացի սահմանները եվրոպական երկրների հետ փախստականների համար, եթե չստանա բավականաչափ աջակցություն ԵՄ-ից։ Սասոլին ասել է, որ Չավուշօղլուի հետ զրույցի ժամանակ նա դատապարտել է թուրքական ռազմական գործողությունը Սիրիայում եւ նշել, որ Թուրքիայի կողմից փախստականների խնդիրը ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար օգտագործելն անթույլատրելի է։