Զոդի կամրջի վրա «ԳԱԶԵԼ»-ի հրդեհը շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումն է եղել. ՔԿ (Լուսանկարներ)
Զոդի կամրջի վրա «ԳԱԶԵԼ»-ի հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում. Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, բախվել էին «Տոյոտա Հիլուքս», «ԳԱԶԵԼ» եւ «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաները. արդյունքում ՝ յոթ մարդ մահացել էր, եւս չորս մարդու առողջությանը պատճառվել էր միջին ծանրության եւ ծանր մարմնական վնաս:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավտոպատահարի մի շարք հանգամանքներ:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երեւան քաղաքի՝ 1956թ. ծնված բնակիչը, վարելով «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան, խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները:
Այսպես՝ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ընթանալով Երեւան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երեւան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում, այն է` ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմաս եւ իրականացնելով ձախակողմյան երթեւեկություն, իր վարած ավտոմեքենայով բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենային՝ տեխնիկական տեսակետից ստեղծելով վթարային իրադրություն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:
Այնուհետեւ, «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենայի հետնամասին առաջամասով բախվել է «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենան եւ նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետեւանքով «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենայի շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել երթուղային ավտոմեքենայում, որը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» եւ «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաներում՝ անզգուշությամբ առաջացնելով «ԳԱԶԵԼ»-ի վարորդի եւ 6 ուղեւորների մահ, իսկ եւս 4 ուղեւորների առողջությանը պատճառվել է միջին ծանրության ծանր մարմնական վնաս:
Դատաավտոտեխնիկական եւ դատահրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի 2-րդ կետի ու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:
Առաջադրված պայմաններում «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երթեւեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու եւ տվյալ պատահարի առաջացումը բացառելու նպատակով, տեխնիկական տեսակետից պետք է իրականացներ իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի պատշաճ եւ անվտանգ կառավարում` ձեռնպահ մնալով իր վարած տրանսպորտային միջոցը հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմաս դուրս բերելուց եւ ձախակողմյան երթեւեկություն իրականացնելուց:
Ըստ փորձագետի եզրակացության՝ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել «ԳԱԶԵԼ»-ի շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: