Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում. սատկել են շուրջ 100 խոշոր ու մանր անասուններ (Լուսանկարներ)
Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ, ներսում կան անասուններ եւ կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 22:06-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 22:20-ին եւ 01:07-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս մեկական մարտական հաշվարկ մեկնել է հրդեհի վայր:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 20 փրկարար ծառայող:
Ողջ գիշեր իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ի առավոտյան ժամը 09:39-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջները գյուղացիների հետ, կարելի է ասել՝ ողջ գյուղի բնակիչներով, ժամեր շարունակ եւ մինչեւ այժմ պայքարում են հսկայական անասնագոմում առաջացած կրակի դեմ:
Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին, որ առաջացած կրակի պատճառով անասնագոմում սատկել են 40 խոշոր եղջերավոր անասուն, մինչեւ 1 տարեկան 17 հատ հորթ, 13 ոչխար, 5 խոզ, 5 ուլ, 1 ձի, 20-ից ավելի հավ:
Ամբողջովին ոչ պիտանի է դարձել անասնագոմում կուտակված մոտ 3500 հակ անասնակերը:
Նշված անասնագոմում առաջացած հրդեհի պատճառով գյուղի որոշ հատված ժամանակավորապես հոսանքազրկվել է:
Սատկած կենդանիներն ու խոտը պատկանում են Սեմյոնովկա գյուղի բնակիչ Հայրապետ Քոչարյանին եւ Ծովագյուղ գյուղի բնակիչ Ռազմիկ Նիկողոսյանին, ովքեր վարկով վերցրած գումարները ներդրել էին անասնապահության մեջ:
Փաստի առթիվ ոստիկանության Սեւանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու հրդեհի պատճառներն ու գյուղացիների կրած վնասի չափը: