Ռոհանին ԱՄՆ պատժամիջոցներն անվանել է սխալ եւ միջազգային նորմերի խախտում
Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները սխալ են եւ միջազգային նորմերի խախտում, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ Վաշինգտոնի մտցրած պատժամիջոցների ֆոնին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
ԱՄՆ-ը անցած տարի դուրս եկավ Իրանի հետ միջուկային ծրագրի գործարքից՝ վերականգնելով երկրի դեմ պատժամիջոցները։ Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին։ Գործարքի եվրոպական մասնակիցները ջանում են պահպանել այն։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Վաշինգտոնը չեղարկում է պատժամիջոցների բացառությունները, որոնք գործում էին Ֆորդոյի միջուկային օբյեկտի համար, որտեղ Իրանը երկրորդ անգամ սկսել է ուրանի հարստացումը։
«Պատժամիջոցները ԱՄՆ քաղաքական եւ տնտեսական մեծ սխալն են, միջոց, որն ընդունվել է միջազգային նորմերի դեմ»,- ասել է Ռոհանին Ավստրալիայի նոր դեսպանի հավատարմագրերի հանձնման ժամանակ։
Ռոհանիի խոսքերը ներկայացված են նրա պաշտոնական կայքում։
Իրանը նոյեմբերի 6-ին չորրորդ անգամ հրաժարվեց կատարել միջուկային գործարքի գծով իր պարտականությունները եւ սկսեց օգտագործել ուրանի հարստացման ցենտրիֆուգները Ֆորդոյի օբյեկտում, այն դեպքում, երբ միջուկային գործարքը նախատեսում է, որ Նաթանզի համալիրը միակն է լինելու այդպիսի նպատակների համար։