Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ մեծ քանակությամբ հայկական գրքեր կուղարկվեն Կատարի ազգային գրադարան (Տեսանյութ)
Պաշտոնական այցով Կատարի պետությունում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 18-ին, այցելեց Կատարի ազգային գրադարան (QNL), շրջայց կատարեց և ծանոթացավ գնաև րադարանում պահվող հին ձեռագրերին։
Այցի ընթացքում գրադարանի տնօրինության հետ ձեռք բերվեց համաձայնություն՝ Մատենադարանի հետ համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու շուրջ։
«Նաև պայմանավորվեցինք՝ իմ վերադարձից հետո ես կազմակերպեմ, որ բավական մեծ քանակությամբ գրքեր ուղարկենք այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը։
Կատարի Ազգային գրադարանը կատարում է երեք գործառույթ. այն երկրի ազգային գրադարանն է, հետազոտական համալսարանական գրադարան, ինչպես նաև կենտրոնական հանրային գրադարան, որը հագեցած է թվային դարաշրջանի բոլոր սարքավորումներով:
Այն առաջարկում է գրքերի և էլեկտրոնային գրերի լայն տեսականի, ընդ որում արաբերենով, անգլերենով և այլ լեզուներով, ինչպես նաև աուդիոգրքեր, DVD-ներ, CD-ներ և այլն:
2018 թվականի տվյալներով՝ գրապահարաններում կա 800 հազար գիրք, գրադարանն ունի նաև ավելի քան 500 հազար էլեկտրոնային գրքեր, պարբերականներ, թերթեր: QNL-ն ունի Ժառանգության թանգարան (Heritage Library), որտեղ զետեղված են բացառիկ գրքեր, ձեռագրեր և այլ նյութեր՝ կապված արաբական ու իսլամական քաղաքակրթության հետ: Այստեղ պահվում են պատմական աղբյուրներ Կատարի և տարածաշրջանի վերաբերյալ, այդ թվում և ձեռագրեր այն ճանապարհորդներից և հետազոտողներից, ովքեր դարերի ընթացքում այցելել են Պարսից ծոցի երկրները, արաբական ձեռագրեր, պատմական քարտեզներ, վաղ շրջանի լուսանկարներ: Այս նմուշների զգալի մասը թվայնացված է և հասանելի առցանց։