Մարդիկ բողոքելու իրավունք ունեն, բայց մենք անկարգություններ թույլ չենք տա. Ռոհանին Իրանում բողոքի ակցիաների և անկարգությունների մասին
Իրանի իշխանությունները ճանաչում են մարդկանց բողոքի ցույցեր անելու իրավունքը ընդդեմ բենզինին գների բարձրացման մասին կառավարության վերջին որոշման, բայց դեմ են անկարգություններին: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը, փոխանցում է Press TV-ն:
«Այս ծրագրի իրականացումից հետո մենք տեսանք, որ որոշ մարդիկ ի նշան բողոքի դուրս եկան փողոցներ: Բնական եմ համարում, երբ կառավարությունը ծրագիր է իրականացնում, ու դրան ոչ բոլորն են համաձայն: Որոշ մարդիկ կարող են այս ծրագրին դեմ լինել, եւ նրանք իրենց կարծիքը հայտնելու իրավունք ունեն»,- ասել է Իրանի նախագահը
«Բողոքելը մարդկանց իրավունքն է, եւ նրանք կարող են բողոքել, բայց մենք չպետք է թույլ տանք կարգի խախտումներ»,- ասել է երկրի նախագահը: Նրա խոսքով՝ անթույլատրելի է ժողովրդի բողոքելու իրավունքի չարաշահումը եւ բանկերի, ոստիկանական տեղամասերի ու հաստատությունների վրա հարձակումը: «Կառավարությունը ոչ մեկին թույլ չի տա քաոս ստեղծել, բայց բոլորը բողոքելու, խոսելու եւ քննադատելու իրավունք ունեն»,- ասել է նա:
Ռոհանին Իրանի ժողովրդին շնորհակալություն է հայտնել աչալրջության եւ «խռովարարների ու դավադիրների փոքր խմբերին միանալ մերժելու համար, որոնք կողոպտել են պետական գույքը»:
Նա նաեւ ողջունել է հետախուզության նախարարության, ոստիկանության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ Իրանի Զինված ուժերի ջանքերը՝ ուղղված գլխավոր անձանց հայտնաբերելուն, որոնք կանգնած էին վայրագությունների հետեւում:
Կառավարության որոշման պատճառները շարադրելիս Ռոհանին ասել է, որ բենզինի գների բարձրացումը կառավարությանը ոչ մի շահույթ չի բերելու, այլ ավելի շուտ ծառայելու է իրանցի ժողովրդի շահերին:
Նա հավելել է, որ նոր միջոցառումը կհանգեցնի բենզինի սպառնման նվազեցման եւ երկրին կօգնի իր ինքնուրույնությունը պահպանել բենզինի արտադրության մեջ:
Ավելի վաղ Իրանի նավթամթերքների տեղաբաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ սովորական բենզինի մեկ լիտրի գինն աճել է 10 հազար ռիալից մինչեւ 15 հազար ռիալ (ԱՄՆ 12,7 ցենտ), իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար ամսական 60 լիտր մակարդակի սահմանափակում է մտցվել: Լրացուցիչ գնումները կարժենան լիտրի դիմաց 30 հազար ռիալ:
Այս որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում սկսվել էին բողոքի ցույցեր, որոնք վերածվել էին ոստիկանների հետ բախումների:
Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին աջակցել էր կառավարության որոշմանը: Նա ընդգծել էր այս առումով մարդկանց պահանջների բավարարման անհրաժեշտությունը՝ ասելով, որ պաշտոնյաները պետք է զգույշ լինեն, որ ծրագիրը չհանգեցնի մյուս ապրանքների գների բարձրացման: