Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն ավելի քան 2 ժամ է անցկացրել Ուոլթեր Ռիդի անվան Ազգային ռազմական բուժկենտրոնում, գրում է The Guardian-ը:
Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագահի այցը մտնում է նրա ամենամյա զննումների ցուցակում:
ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտարարել է, որ 73-ամյա նախագահին «շատ լարված 2020 թվական» է սպասվում, եւ նա ցանկացել է օգտվել ազատ հանգստյան օրից եւ բուժզննում անցնել:
Գրիշեմը չի հայտնել, թե կոնկրետ ինչ զննում է անցել նախագահը՝ նշելով միայն, որ պետության ղեկավարն իրեն լավ է զգում:
«Նախագահն առողջ է եւ էներգիայով լի: Նա չի բողոքում առողջությունից, ինչի մասին վկայում են շաբաթական մի քանի անգամ նրա ելույթները հազարավոր ամերիկացիների առջեւ»,- նշել է Գրիշեմը:
Նշվում է նաեւ, որ բուժկենտրոնում Թրամփը հանդիպել է Աֆղանստանում վիրավորված զինծառայողի ընտանիքի հետ: