«Հայ» բառը Թուրքիայում հայհոյանք է, դրա համար կարող են դատի տալ․ Հրագ Փափազյան (Տեսանյութ)
«Պոլիսը հայկականության առումով աշխարհի ամենախայտաբղետ տեղն է: Գուցե մարդիկ կարծեն, որ Լոս Անջելեսում ավելի շատ է բազմազանությունը, որովհետև այնտեղ էլ տարբեր հետագիծ ունեցող հայկական խմբեր կան, բայց այնտեղ պակասում է կրոնական այլազանությունը, ինչն առկա է Պոլսում»,- այս մասին հայկականության, հայկական ինքնության շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Օքսվորդի համալսարանի մարդաբանական գիտությունների թեկնածու Հրագ Փափզյանը, ով հետազոտություններ է արել Պոլսում:
Մեր զրուցակցի խոսքով՝ Պոլսում առկա են 3 հայկական խմբեր և հայկականության 4 տեսակ: «Առաջինը՝ Թուրքիայի ավանդական հայկական համայնքն է՝ Թուրքիայի հայ քրիստոնյա քաղաքացիները, երկրորդը մարդիկ են, որոնք ժառանգորդն են այն հայերի, որոնք պատմության այս կամ այն փուլում, մեծ մասը Ցեղասպանության ժամանակ, մահմեդականություն են ընդունել և հիմա սկսել են բարձրաձայնել իրենց հայկականության մասին և նույնիսկ, որպես հայ, գործունեություն ծավալել, և երրորդ խումբը՝ Հայաստանի անկախացումից հետո Թուրքիա արտագաղթած հայերն են, խոսվում է 15-30 հազար հայ աշխատանքային միգրանտների մասին: Այնտեղ այս երեք խմբերից է կազմված հայկականության ավազանը՝ այլազան, նույնիսկ իրարամերժ հակասություններով լի: Այս երեք խմբերում հայկական ինքնությունը տարբեր զարգացումներ է ունեցել հետցեղասպանական ժամանակաշրջանում…»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ որևէ մեկին թույլատրելի չէ հայկականությունը վերագրել միայն իրեն, ու եթե դիմացինը իր պատկերացումների հայկականությանը չհամապատասխանի, մերժել նրան հայ կոչել:
Հրագ Փափզյանի դիտարկմամբ՝ հայ լինելու և թուրք լինելու հակասությունը հիմնական է և բավականին տարածված. «Ամեն ինչ շատ կարծրատիպային է: Հայաստանում ում ուզում են հայհոյել, «թուրք» են անվանում: Իսկ Թուրքիայում «հայ» բառն է հայհոյանք, այնտեղ կարող են հայ անվանելու համար դատի տալ…
Թուրքիայի քաղաքական հարթակում հայ Սփյուռքը վատ ասոցացիա ունի: Եթե քաղաքական մի գործիչն այնտեղ ուզում է մյուսին վարկաբեկել, նրա մասին հոդվածներ է տպագրում, ամբաստանություններ է անում, որ իբրև թե նա ծագումով հայ է, կամ նրա նախնիներից մեկն է հայ: Եվ մյուսն էլ դատի է տալիս իրեն հայ անվանելու համար»:
Հրագ Փափազյանի կարծիքով՝ եթե անգամ աշխարհաքաղաքական, Ցեղասպանության հետ կապված բոլոր հարցերը պատկերացնենք, որ լուծվել են, հայ-թուրքական հարաբերություններում դեռևս խնդիրներ կմնան: «Իհարկե ջանքեր են թափվում մտավորականների, առաջադեմ գործիչների կողմից, որպեսզի կարծրատիպերը, ցեղապաշտությունը կոտրվի»:
Մանրամասն՝ տեսանյութում: