Օվսաննա Սիմոնյանը՝ Առաջին ալիքի եթերում ստացած ամուսնության առաջարկության մասին (Տեսանյութ և լուսանկարներ)
Երբ սիրում ես, դրա մասին ուզում ես հայտնել ամբողջ աշխարհին. օրերս իր զգացմունքները նման կերպ արտահայտեց ռեժիսոր Էդ Սողոյանը, որը սիրելիին՝ լրագրող եւ հաղորդավարուհի Օվսաննա Սիմոնյանին, ամուսնության առաջարկություն արեց Առաջին ալիքի տաղավարում՝ «Կապրենք կտեսնենք» հաղորդման հերթական նկարահանման ժամանակ: Հաղորդավարուհու սիրելին իրենց կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկի համար ընտրել էր ամենախորհրդանշկան թեման՝ ո՞վ պետք է անի առաջին քայլը՝ կի՞նը, թե՞ տղամարդը: Եվ մինչ Օվսաննան եթերում մեկնաբանություններ էր անում թեմայի շուրջ, եղավ ամենահուզիչը, որի մասին NEWS.am STYLE-ը զրուցել է հաղորդավարուհու հետ:
Օվսաննա, ինքդ լինելով լրագրության ոլորտում, վստահ եմ` ականատես եղել ես, լուսաբանել նման դեպքեր, երբ եթերում սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկություն է արվում. մտքովդ կանցնե՞ր, որ քո կյանքի այդ կարեւորագույն իրադարձությունը եւս նման կերպ կնշանավորվեր քեզ համար:
Այո, տարիներ առաջ էի ականատես եղել եւ հենց Հանրային հեռուստաընկերությամբ, երբ «Առավոտ լուսո»-ի տաղավարում Վահե Խանամիրյանը ամուսնության առաջարկություն արեց Լիլիթ Մուրադյանին։ Հիշում էմ՝ շատ էի հուզվել, բայց երբեք մտքովս չէր անցնի, որ տարիներ անց նման դեպք կպատահի նաեւ ինձ հետ։ Առհասարակ երբեւէ չեմ երազել ամուսնության առաջարկության կամ այդ պահը նշանավորելու մասին, բացի այդ, երբ հանդիպեցի ընկերոջս, եւ արդեն տարիներ են մեզ կապում, եւ ինչպես ինքն ասաց հեռուստաեթերի ժամանակ` «Մենք գիտենք, թե ուր ենք քայլում», իսկապես, երբ երկուսդ էլ գիտեք ձեր ճանապարհը, մատանին կամ ամուսնության առաջարկությունը չէ, որ պիտի հստակություն մտցնի ձեր հարաբերություններում։
Ի՞նչ զգացիր, երբ սիրելիդ ներս մտավ տաղավար:
Միանշանակ՝ շոկ։ Նախ՝ այդ օրը գերլարված էր սկսվել։ Ես սովորաբար մոտ 20 րոպե շուտ եմ հեռուստաընկերություն հասնում, իսկ այդ օրը ինչպես ասում են` թարսի պես խցանման մեջ ընկա։ Ամբողջ ճանապարհին մտածում էի` վերջ, «провал !»: Սովորաբար չորս նկարահանում ենք ունենում, այդ օրը ունեինք 5 թեմա, ես ուշանում էի, դեռ պիտի հասցնեի դիմահարդարվել, պատրաստվել, իսկ 20 րոպեից արդեն նկարահանումը պիտի սկսեինք։ Մի խոսքով, մոտ 40 րոպե ուշացմամբ հասա հեռուստաընկերություն և հետո արդեն շատ լարված մտա տաղավար։ Նկարահանումների ընթացքում, իհարկե, ամեն ինչ տեղն ընկավ, ի վերջո պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատում իրենք շատ մեծ ու կարեւոր դերակատարում ունեն իմ կյանքում, հիմա` էլ ավելի (ժպտում է): Երբ արդեն վերջին հաղորդումն էինք նկարահանում, որի թեման էր`«Ո՞վ պետք է առաջին քայլն անի, կի՞նը, թե՞ տղամարդը», ընթացքի կեսից մեր ռեժիսորը հայտարարեց, որ տեխնիկական խնդիր ունենք եւ պրոցեսը սկսեց ձգվել, պահն օգտագործեցի ու ընկերոջս նամակ գրեցի, որ չանհանգստանա, մանավանդ գիտեր ուշացմանս մասին, ինքն էլ պատասխանեց, որ նախագիծ ունի հանձնելու, գուցե մի փոքր ուշ ավարտի աշխատանքը, խնդրեց` նկարահանումից հետո իր հետ նորից կապվեմ, որպեսզի ինձ դիմավորի։ Այնինչ լրիվ անտեղյակ էի, որ նա մոտ մեկ ժամ է` ինձ հետ գտնվում է նույն տարածքում, եւ մեզ բաժանում էր ընդամենը մեկ պատ, իսկ նկարահանումը ձգձգվում էր, որովհետեւ մեջքիս ետեւում տեսախցիկի վրա ամրացվում էր մատանին։ Երբ նրան տեսա, շոկի մեջ ընկա, իր՝ տաղավարում հայտնվելու պահից մինչեւ օրվա ավարտը շոկի մեջ էի ու չէի հասկանում՝ ինչ էր կատարվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: